Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանը Իրաքի նախագահին ներկայացրել է Հայաստանի քայլերը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանը Իրաքի նախագահին ներկայացրել է Հայաստանի քայլերը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ

ԲԱՂԴԱԴ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող աշխատանքները` Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այդ մասին ՀՀ նախագահն ասաց Իրաքի նախագահի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների համար հայտարարության ժամանակ։

«Եվս մեկ անգամ առանձնացրել եմ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը և այս համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,- ասաց ՀՀ նախագահը։

Նա հավելեց, որ Իրաքի նախագահի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր՝ շեշտելով առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և բոլոր երկրների կողմից միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավահավասարության սկզբունքները հարգելու վրա:

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Իրաքում է։ ՀՀ նախագահը հանդիպում կունենա նաև Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա-Ալ Սուդանիի հետ։

ՀՀ նախագահն այցի ընթացքում դասախոսությամբ հանդես կգա Բաղդադի համալսարանում։ Կայցելի նաև Էրբիլ, որտեղ հանդիպումներ կունենա Իրաքյան Քուրդիստանի շրջանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի և Իրաքյան Քուրդիստանի շրջանի նախագահ Նեչիվան Բարզանիի հետ։

Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Իրաքի և Իրաքյան Քուրդիստանի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ։ ՀՀ նախագահի պատվիրակության կազմում Իրաք են ժամանել նաև գործարարներ, որոնք կմասնակցեն գործարար համաժողովի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում