ԵՐԵՎԱՆ,22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի կողմից մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող Քամիլ Զեյնալիին Բաքու վերադարձնելու մասին լուրին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը խնդրեց մեկնաբանել ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցի Քյամիլ Զեյնալլիին Բաքու վերադարձնելու և նրան որպես հերոս դիմավորելու լուրերը։
«Վստահ եմ, որ գործողություններ կլինեն, բայց հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել, որովհետև, այնուամենայնիվ, հարցի հետ կապված՝ նաև կոլեգիալ քննարկում պետք է լինի իրավապահ մարմինների հետ»,- ասաց Գրիգորյանը։
Հարցին, թե ի՞նչ հետևություն է պետք անել այս ամենից, փոխվարչապետը պատասխանեց․
«Եկեք առաջ չընկնենք: Երբ կլինի պաշտոնական արձագանքը, այդ ժամանակ էլ կխոսենք»:
Ավելի վաղ Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակն «Արմենպրես»-ինհայտնելէր, որ Հայաստանի ՆԳՆ-ն փետրվարի 21-ի կեսօրին Ռուսաստանից պաշտոնական գրություն է ստացել Հայաստանի կողմից մարդկայնության դեմ հանցագործության մեղադրանքով հետախուզվող ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին հայտնաբերելու մասին։ ՆԳՆ-ն անմիջապես հաստատել է, որ Զեյնալին Հայաստանի կողմից գտնվում է միջպետական հետախուզման մեջ, խափանման միջոցը՝ կալանք։
Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ոստիկանությունը Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել է Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիին, որի նկատմամբ Հայաստանի կողմից միջազգային հետախուզում է հայտարարված։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել էր, որ Զեյնալիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված սպանության մեղադրանքով։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Զեյնալիի փաստաբանին, մանրամասներ ներկայացրեցին, թե Հայաստանում ինչ մեղադրանքներ են ներկայացվել Զեյնալիին։ Զեյնալիի փաստաբանը հայտնել էր, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվելՀայաստանի քրեականօրենսգրքի135-րդ (մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ), 147-րդ (վարձկանությունը) և 149-րդ (ռազմական ագրեսիան) հոդվածներով։
Փետրվարի 21-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ՌԴ իրավապահներն ազատ են արձակել Զեյնալիին, իսկ ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Քամիլ Զեյնալին վերադարձել է Բաքու՝ տարածելով համապատասխան լուսանկարներ և տեսանյութեր։
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Քամիլ Զեյնալին մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, որի ընթացքում իրականացրել է պատերազմական հանցագործություններ, մասնավորապես սպանել է խաղաղ բնակչի։