Հասարակական

Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին Հայաստանին հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը

3 րոպեի ընթերցում

Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին Հայաստանին հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի գլխավոր դատախազությունը փետրվարի 22-ին ՀՀ իրավասու մարմնից ստացել է Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված՝ հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցի Քամիլ ԶեյնալիինՀայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն:

Ավելի վաղ Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակն «Արմենպրես»-ին հայտնել էր, որ Հայաստանի ՆԳՆ-ն փետրվարի 21-ի կեսօրին Ռուսաստանից պաշտոնական գրություն է ստացել Հայաստանի կողմից մարդկայնության դեմ հանցագործության մեղադրանքով հետախուզվող ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին հայտնաբերելու մասին։ ՆԳՆ-ն անմիջապես հաստատել է, որ Զեյնալին Հայաստանի կողմից գտնվում է միջպետական հետախուզման մեջ, խափանման միջոցը՝ կալանք։

Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ոստիկանությունը Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել է Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիին, որի նկատմամբ Հայաստանի կողմից միջազգային հետախուզում է հայտարարված։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել էր, որ Զեյնալիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված սպանության մեղադրանքով։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Զեյնալիի փաստաբանին, մանրամասներ ներկայացրեցին, թե Հայաստանում ինչ մեղադրանքներ են ներկայացվել Զեյնալիին։ Զեյնալիի փաստաբանը հայտնել էր, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվելՀայաստանի քրեականօրենսգրքի135-րդ (մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ), 147-րդ (վարձկանությունը) և 149-րդ (ռազմական ագրեսիան) հոդվածներով։

Փետրվարի 21-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ՌԴ իրավապահներն ազատ են արձակել Զեյնալիին, իսկ ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Քամիլ Զեյնալին վերադարձել է Բաքու՝ տարածելով համապատասխան լուսանկարներ և տեսանյութեր։

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Քամիլ Զեյնալին մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, որի ընթացքում իրականացրել է պատերազմական հանցագործություններ, մասնավորապես սպանել է խաղաղ բնակչի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում