Վարչապետը հանդիպել է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական մի խումբ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 22-ի առավոտյան այցելել է «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ», որտեղ հանդիպում է ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական խոշոր մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերին, տնտեսական ակտիվության հեռանկարներին, տնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին, բիզնես միջավայրի բարելավման քայլերին, ներդրումային ծրագրերի հնարավորություններին:

Իր խոսքում վարչապետը նշել է, որ 2023 թվականի արդյունքներով Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2018 թվականի համեմատ գրեթե կրկնապատկվել են. աճը 90 տոկոսից ավելի է:

«Սա նշանակում է, որ երկրում ստվերի կրճատման և մրցակցության իրավիճակի բարելավման շատ էական փոփոխություններ են տեղի ունեցել: 2023 թվականին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 8,7 տոկոս, ինչն ակնհայտորեն բարձր ցուցանիշ է: 2022-ին մեր տնտեսական աճը եղել է 12,6 տոկոս, 2021-ին՝ 5,6 տոկոս»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն արձանագրել է, որ աշխատատեղերի էական բարելավում է տեղի ունեցել:

«2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է 180 000 նոր աշխատատեղ: Եվ սա ընդհանուր աշխատատեղերի թվի մեջ մոտավորապես 30 տոկոս աճ ունի: 2023 թվականն էական էր նաև նրանով, որ մենք՝ մեկ մարդու հաշվով, ՀՆԱ ցուցանիշով էական առաջընթաց ունեցանք, և Հարավային Կովկասում, ըստ էության, այս ցուցանիշով այժմ առաջին տեղում ենք:

Իհարկե, մեզ համար շատ էական և կարևոր են այն ներդրումները և տնտեսական համագործակցությունը, որ ունենք Ֆրանսիայի հետ: Իհարկե, արդեն նշվեց «Պեռնո Ռիկար»-ի բավականին երկարատև և նկատելի ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում, և նաև մի շարք այլ ընկերություններ գործում են Հայաստանի բանկային համակարգում, կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործում: Ուզում եմ նշել «Վեոլիա» ընկերության ներկայությունը Հայաստանում: Եվ մենք վերջերս քննարկում էինք, որ ջրային ոլորտում մեր համագործակցությունը պետք է ակտիվացնենք և խորացնենք: 2021 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներով խնդիր է դրվել տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ապահովել, և մենք հույս ունենք, որ նաև Ֆրանսիայից նոր ընկերություններ կգան Հայաստան, գործունեություն կծավալեն ամենատարբեր ոլորտներում, որովհետև 7 տոկոս տնտեսական աճի ամբիցիոզ ծրագիրն իրականացնելու համար մեզ համար նաև աջակցություն է պետք»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տնտեսության արդիականացման ոլորտում էական ծրագրեր են իրականացվում:

«Ներդրումային ծրագրերի առումով կուզեի ուշադրություն հրավիրել Հայաստանում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու ծրագրի վրա: Շինարարական ընկերությունները, որոնք կարող ենք հետաքրքրված լինել նման մրցույթների մասնակցելու համար, մենք նույնպես հետաքրքրված ենք: Հյուսիս-Հարավ ծրագիրը կա, որը 1 մլրդ և ավելի դոլարանոց ծրագիր է»- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական ընկերությունների ուշադրությունն է հրավիրել «Ակադեմիական քաղաք» ծրագրի վրա:

«Մենք ուզում ենք բարձրագույն կրթության ոլորտում նոր քաղաք ստեղծել, հիմնադրել: Մենք արդեն կոնկրետ աշխատանքները սկսել ենք այդ ուղղությամբ:

Պիտի արձանագրեմ, որ մշակվող արդյունաբերության ոլորտում ենք ցանկանում լուրջ ներդրումային ծրագրերով հետաքրքրվել: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է մեր տնտեսության առաջատար ճյուղերից մեկը մնալ: Եվ հիմա Ֆինանսների նախարարությունը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ոլորտի հետ քննարկումների մեջ են, որպեսզի տեսնենք, թե ինչով կարող ենք ավելի լավարկել ՏՏ ոլորտի օրենսդրական կարգավորումները, որպեսզի ավելի գրավիչ դարձնենք մեր երկիրն այդ իմաստով:

2023 թվականին Հայաստանի Հանրապետությունը տուրիզմի ոլորտում շատ տեսանելի առաջընթաց է արձանագրել՝ այն առումով, որ զբոսաշրջիկների ներհոսքն արդեն իսկ գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը: Հիմա Հայաստանում նաև գինեգործությունն է շատ լավ տեմպերով զարգանում, և այստեղ նույնպես, կարծում եմ, ներդրումային պոտենցիալ կա: Ջրամբարաշինության լայն ծրագիր ունենք: Մասնավորապես, այս պահին ընթացքի մեջ է 15 միջին և փոքր չափերի ջրամբարների կառուցման ծրագիրը: Սա մենք ընտրել ենք որպես ռազմավարություն»,- նշել է վարչապետը:

Հաջորդիվ քննարկվել են շինարարության, ենթակառուցվածքների զարգացման, գյուղատնտեսության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության ոլորտներում համագործակցությանն ու ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակից ընկերությունների հարցերին:

Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպումներ է ունեցել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում գործող Thales , IDEMIA ընկերությունների, «Պեռնո Ռիկար», զբոսաշրջության ոլորտում գործող Societe des Troia-Valles ընկերության ղեկավարների հետ:

Հայերեն العربية English Español فارسی Français Русский

Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել

Պենտագոնը մշակում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման պլան. NBC News

ՀՀ ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային

ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ

«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պորտուգալական լիգայից

Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Իրանի ԱԳՆ

Այս տարվա ընթացքում 4451 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր

ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարները քննարկել են ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները

Չինաստանը դեմ է հանդես գալիս Գազայի բնակիչների արտաքսմանը