Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրախորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրախորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիա) հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր, որոնց առաջմղման հարցում իր յուրովի դերն ունի ԵՄ օրենսդիր մարմինը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել գործընկերության խորացման հեռանկարներին և այդ ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերին։

Հանգամանալից քննարկվել են Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցեր: Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի գործընկերոջն է ներկայացրել առկա մարտահրավերների հաղթահարման հարցում հայկական կողմի տեսլականը, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։ Ընդգծվել է ՀՀ նկատմամբ տարածքային նկրտումների զսպման, տարածքային ամբողջականության ու սահմանների անքակտելիության անվերապահ հարգման կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար դժվարին պայմաններում Եվրոպական խորհրդարանի կողմից ցուցաբերած սկզբունքային մոտեցմանն ու հստակ գնահատականներով և ուղերձներով ընդունված փաստաթղթերին։

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Նատալի Լուազոյին ՀՀ համար առանցքային կարևորության հարցերի առաջմղման, մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար և նրան պարգևատրել ՀՀ երախտագիտության մեդալով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում