Պաշտոնական

Վարչապետը Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ

3 րոպեի ընթերցում

Վարչապետը Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Իրանի հոգևոր առաջնորդին ուղղված ուղերձում նշված է.

«Ձերդ վսեմություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և հայ ժողովուրդը մեծապես կարևորում են հարուստ անցյալ ունեցող երկկողմ հարաբերությունները, որոնք բազմադարյա պատմության ընթացքում ունեցել են զարգացման անշեղ ուղի:

Ուրախ եմ արձանագրել, որ ներկայում Հայաստանի և Իրանի միջև առկա է սերտ ու փոխշահավետ համագործակցություն, որը վստահաբար առավել կամրապնդվի՝ ի նպաստ հարևան երկու ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային հարատև խաղաղության։

Ընդգծելով մեր երկրների հանձնառությունը տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու ուղղությամբ՝ կարևորում ենք առկա մարտահրավերները համատեղ ջանքերով հաղթահարելու վճռականությունը։

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արևշատու­թյուն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայաստանն ու Իրանը, անցնելով պատմության բազմադարյա քառուղիներով, շարունակում են աշխարհին ներկայանալ որպես փոխվստահության և հարգանքի մթնոլորտում համագործակցող երկրների լավագույն օրինակ:

Մեզ համար Իրանը եղել և շարունակելու է լինել առանձնահատուկ գործընկեր, որի հետ համատեղ ջանքերով կարող ենք հասնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը:

Լիահույս ենք, որ Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու պարբերական շփումները կլինեն շարունակական՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցության:

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն, իսկ մեր հարևան և բարեկամ Իրանի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում