ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրն արտահայտում է երկրների կառավարությունների՝ հարաբերությունների ամբողջ օրակարգով առաջ գնալու կամքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Ալխաս Ղազարյանի այն հարցին, թե արդյոք կարող ենք ենթադրել, որ Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական բնույթի հարաբերությունները նոր փուլ են մտնում կամ սկիզբ է դրվում նմանօրինակ հարաբերությունների ստեղծման:
«Ինչ վերաբերում է Վրաստանի հետ ստորագրված ռազմավարական գործակցության և երկխոսության մասին հռչակագրին, կարող եմ ասել, որ, ըստ էության, նախատեսված են բոլոր ուղղությունները, և սա արտահայտել է երկու երկրների կառավարությունների կամքը՝ այդ ողջ օրակարգով գնալու առաջ»,- նշեց վարչապետը:
Հայաստանն ու Վրաստանը հունվարի 26-ին ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր։ Համաձայնագրի ստորագրումը տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցի շրջանակներում։