Հայաստանը և Հունգարիան մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հուշագիր են ստորագրել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել է հուշագիր՝ երկու երկրների միջև մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հունգարիայի մշակույթի և նորարարության պետքարտուղար Բալաշ Հանկոն:

Ըստ աղբյուրի՝ հուշագրի ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը:

Հուշագրի համաձայն՝ կողմերը նպաստելու են արվեստի գործիչների և փորձագետների, ուսանողների, կրթության և հետազոտության բնագավառում աշխատակիցների անմիջական համագործակցությանը, ինչպես նաև մշակույթի, բարձրագույն կրթության, միջին մասնագիտական կրթության և ուսուցման ու նորարարության, գիտատեխնիկական գործունեության բնագավառներում նրանց փոխանակումներին:

Նախատեսվում է նաև երկու պետությունների թանգարանների և գրադարանների միջև կապերի հաստատում՝ մասնագետների և փորձագետների, ինչպես նաև թանգարանային և գրադարանային գործի ոլորտում տեղեկատվական, մեթոդաբանական և մատենագրական նյութերի փոխանակման միջոցով:

Ըստ հուշագրի՝ կողմերը համագործակցելու են միջազգային կազմակերպությունների (ՅՈՒՆԵՍԿՕ, ՏՀԶԿ, Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիներ, ՍԾՏՀ) ու Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում՝ Հայաստանի և Հունգարիայի միջև մշակութային, կրթական և հետազոտական համագործակցության խթանման, ինչպես նաև համատեղ մշակութային, կրթական, հետազոտական ծրագրերի իրականացման,փորձի փոխանակման նոր հարթակների ստեղծման միջոցով:

Կողմերն ընդգծել են բարձրագույն կրթության ոլորտում Հայաստանի և Հունգարիայի միջև առկա ակտիվ համագործակցության կարևորությունը: Ըստ այդմ՝ կողմերը խրախուսում են իրենց բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև անմիջական հարաբերություններն ուսանողների, դասախոսական կազմի, բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների, գիտաշխատողների և կրթաթոշակառուների փոխանակման առումով:

Կողմերը նպաստելու են նաև երկու երկրների թատերական և համերգային կազմակերպությունների, ինչպես նաև առանձին արվեստի գործիչների և մշակույթի տարբեր ոլորտների կազմակերպությունների միջև անմիջական կապերի հաստատմանը: Կողմերը մասնակցում են նաև արվեստի գործերի փոխանակման ցուցահանդեսներին և համատեղ կազմակերպվող ցուցահանդեսային ծրագրերին:

Հայերեն العربية English Français Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ