Հատուկ նախագծեր

Podcast. ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում մեկնարկել է «իԳործ» 2024 ծրագիրը

4 րոպեի ընթերցում

Podcast. ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում մեկնարկել է «իԳործ» 2024 ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020թ-ից ի վեր իրականացնում է «իԳործ» ծրագիրը, որը հրավիրում է սփյուռքահայ մասնագետներին՝ աշխատելու Հայաստանի պետական կառավարման համակարգում։ «Արմենպրես» Podcast-ի տաղավարում ծրագրի մասին զրուցել ենք ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի ղեկավար Աննա Մհերյանի և 2023-2024 թթ. «իԳործ» ծրագրի մասնակից ֆրանսահայ Շուշան Մուրադյանի հետ, ով աշխատում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակում։ Ծրագրի ղեկավարի խոսքով՝ «իԳործ»-ի հիմնական նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը և նպաստել պետական կառավարման համակարգի մարմինների զարգացմանը:

«Այս տարի հունվարի 22-ից մեկնարկել է հայտերի ընդունումը և ընթացքի մեջ է լինելու մինչև մարտի 4-ը։ Բոլոր հետաքրքրվածները կարող են դիմել [email protected] կայքի միջոցով: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին 1 տարի ժամկետով աշխատել Հայաստանի պետական համակարգում: Դիմումների և հարցազրույցների փուլերն ավարտելուց հետո մասնագետները գործունեություն կծավալեն պետական կառավարման համակարգի տարբեր ոլորտներում՝ յուրաքանչյուր պետական կառավարման մարմնի մասնագիտական կարիքներին համապատասխան։ Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան իրենց ներդրումն ունենալ պետական ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում:

Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ կողմից։ Ընտրված մասնակիցներին կտրամադրվի ավիատոմս, կեցության նպաստ` ամսական 336.000 դրամ, առողջության ապահովագրություն, կացության քարտ՝ 1 տարի ժամկետով։ Ծրագրին հայտ ներկայացնողները պետք է համապատասխանեն որոշ չափանիշների։ Հայտերի քանակը յուրաքանչյուր տարի նախատեսված է 50 մասնակցի համար»,-նշեց Աննա Մհերյանը։

«Հայտերի քանակը և աշխարհագրությունը տարեցտարի ավելանում է և այս տարի 18 երկրից մասնակցություն ունենք։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ անցնող չորս տարիների ընթացքում 70 տոկոս հայրենադարձություն ենք ունեցել, և սա փաստում է ծրագրի արդյունավետության մասին։ Ծրագիրը լինելու է շարունակական, քանի որ սա հիանալի տարբերակ է պետական համակարգին ծանոթանալու և փորձ ձեռք բերելու»,-հավելեց Աննա Մհերյանը։

HM2_8753.jpg (578 KB)

«իԳործ» ծրագրի մասնակից ֆրանսահայ Շուշան Մուրադյանը նշեց, որ մտավախություն ուներ Հայաստանում դժվար ինտեգրվելու, քանի որ ուներ նաև լեզվական խնդիր։

«Ես վեց տարեկանից ապրում եմ Ֆրանսիայում։ Ավարտել եմ Նենսիի Լոթարինգի համալսարանը, այնուհետև մագիստրատուրան՝ բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ և աշխատել եմ երեք տարի։ Իմանալով ծրագրի մասին, պատերազմից հետո ցանկություն առաջացավ տեղափոխվել և այս ոլորտում ծառայել Հայաստանին։ Իմ կարծիքով, ամեն հայ, ապրելով արտերկրում, հնարավորության դեպքում պետք է փորձի օգտակար լինել Հայաստանին։ Ծրագիրը բացառիկ հնարավորություն է ընձեռում աշխատել Հայաստանի պետական համակարգում։ Այստեղի մտածողությունը և գործելակերպը բացարձակ չի զիջում եվրոպական ստանդարտներին։ Ես աշխատում եմ մի ոլորտում, որտեղ եվրոպական մտածողության հետ շատ ընդհանրություններ կան։ Այստեղի աշխատաոճը, մարդկային շփումը ավելի հոգեհարազատ է ինձ։ Այս երկու ամիսների ընթացքում մեծ մասնագիտական փորձ և մարդկային որակներ եմ ձեռք բերել»,-նկատեց Շուշանը։

«իԳործ» ծրագրի մասնակից Շուշանը կոչ արեց դիմորդներին՝ սովորել հայերեն, չվախենալ անել առաջին քայլը՝ դիմել և անպայման գալ Հայաստան։

Տաթև Զաքարյան

Զրույցն ամբողջությամբ կարող եք լսել Podcast-ում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում