Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԱԺ փոխնախագահի ու ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ ՀՀ ժամանած չեխ խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հյուրերը ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Պատվիրակության անդամները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող ցուցանմուշներին, վավերագրերին: Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Մարկետա Պեկարովա Ադամովայիգլխավորածպատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: