2023 թվականին Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության ոլորտում իրականացվել են բազմաբնույթ ծրագրեր
4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության ոլորտում 2023 թվականին իրականացվել են մի շարք կարևոր ու առաջնահերթ նշանակության ծրագրեր, որոնց շնորհիվ մարզի գյուղատնտեսությունը հուսալի քայլեր է կատարում արդիականացման ուղղությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, 2023 թվականին մարզում «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացված «Անասնապահության Զարգացում Հայաստանում․ հարավ-հյուսիս -2» Ծրագրի շրջանակներում իրականացվել են խոշոր եղջերավոր կենդանիների փոխարինման ենթածրագրի դասընթացներ, որի շրջանակներում նախատեսված է ֆերմերներին տրամադրել շուրջ 70 գլուխ տոհմային անասուններ:
«Արդյունավետ կերարտադրության և կայուն բնական ռեսուրսների հասանելիության բարելավման ծրագրով» մարզի Մեծ Մասրիկ և Խաչաղբյուր բնակավայրերում կառուցել են ջրախմոցներ՝ յուրաքանչյուրը 3 միլիոն 500 հազար դրամ արժեքով:
Վարդենիս և Ճամբարակ համայնքների 141,6 հեկտար հողատարածքի վրա 128 ֆերմերային տնտեսություններ անասնակերի արտադրության նպատակով իրականացրել են կորնգանի և գարու ցանքս:
«2023 թվականին «Կաթիլային ոռոգմամբ ինտենսիվ այգիների հիմնման համար ծախսերի մասնակի փոխհատուցման» բաղադրիչով քաղաքացիներից ստացվել է ծրագրի մասնակցության 1 դիմում ՝ 10 հեկտար հողատարածքի վրա ինտենսիվ այգու հիմնման համար, որի համար կնքվել է«Պետական աջակցություն տրամադրելու մասին» պայմանագիր:
Սևան քաղաքում 3.87 հեկտար հողատարածքի վրա ինտենսիվ այգու հիմնման նպատակով կնքվել է «Պետական աջակցություն տրամադրելու մասին» 2 պայմանագիր:
«Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար փոխհատուցման» բաղադրիչով, քաղաքացիներից ստացվել է մասնակցության 4 դիմում՝ 276.7 հեկտար ընդհանուր մակերեսով։ Ծրագրի շրջանակում կնքվել է 3 պայմանագիր՝ 19.4 հեկտարի համար։ Ընդհանուր առմամբ, 2023 թվականին մարզի բնակավայրերում առկա են կաթիլային եղանակով ոռոգվող 151.01 հեկտար ինտենսիվ այգիներ։
«ՀՀ-ում տավարաբուծության 2019-2024 թթ. զարգացման» ծրագրի շրջանակներում մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի և Գավառ համայնքի Լանջաղբյուր բնակավայրի մեկական շահառուներ ձեռք են բերել 37 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ, տրամադրված վարկի գումարը կազմել է 37 միլիոն դրամ։ Շահառուները ստացել են 8 միլիոն 900 հազար դրամ։ 2023 թվականի ընթացքում նույն ծրագրից օգտվելու նպատակով ներկայացվել է 1 հայտ, որի հիման վրա 1 շահառուի հետ 5 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման նպատակով կնքվել է վարկի տրամադրման պայմանագիր և հատկացվել է 5 միլիոն դրամ:
2023 թվականին «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանը պետական աջակցության» ծրագրից օգտվելու նպատակով ներկայացվել է 1 հայտ, հաշվառվել որպես շահառու, սակայն փոխհատուցումը կտրամադրվի 2024 թվականի ընթացքում:
2023 թվականի ընթացքում «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման աջակցության» ծրագրի շրջանակում կնքվել է 1 պայմանագիր՝ 45 միլիոն դրամի չափով, ընդհանուր 3000 քառակուսի մետր արտադրական տարածքով ջերմատան կառուցման համար: Ընդհանուր առմամբ 2023 թվականին մարզում առկա են 6.54 հեկտար ջերմոցային տնտեսություններ Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս և Ճամբարակ համայնքներում։
2023 թվականի դրությամբ մարզում առկա են 12 հատ սառնարանային տնտեսություններ՝ 3446 տոննա տարողությամբ։
Խոսրով Խլղաթյան