Ձեր արվեստը դիպչում է յուրաքանչյուրիս հոգուն․ ՀՀ ԿԳՄՍ նախարար Անդրեասյանը շնորհավորել է Տիգրան Մանսուրյանի 85-ամյակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 85-ամյակի առթիվ կազմակերպել է հոբելյանական համերգ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Ըստ աղբյուրի՝ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով.

«Սիրելի՛ Մաեստրո,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ:

Պատիվ է լինել Ձեր ժամանակակիցը, վայելել Ձեր ներկայությունը և արվեստը։

Մի առիթով հիշել էիք Արթիկում անցկացրած Ձեր օրերը և պատմել էիք այն մասին, որ փողոցում, երբ բարձրախոսներից երաժշտություն էր հնչում, Ձեր խաղը դադարեցնում էիք և մոտ գնում՝ վայելելու այն։ Նույնն այսօր տեղի է ունենում մեզ հետ, երբ հնչում է Ձե՛ր երաժշտությունը։ Ինչ անելիք էլ որ ունենանք, փորձում ենք մի պահ կտրվել և վայելել այն։ Սա պատահական չէ, որովհետև Ձեր արվեստը դիպչում է յուրաքանչյուրիս հոգուն և դառնում է մեր կյանքի ընկերը։

Ոչ միայն արվեստը, այլև Ձեր մարդկային կերպարը ևս արժանի է ամենաբարձր գնահատականի։ Վերջերս Ձեզ հետ Կոնսերվատորիայում ամփոփիչ համերգին էինք։ Ես ուղղակի հիացա, թե ինչպես էիք ոգևորում երիտասարդներին՝ նրանց ամեն հաջող կատարման համար։ Եվ միայն պատկերացնել է պետք, թե ինչ թևեր են առնում մեր երիտասարդները Ձեր ամեն բառից ու գնահատականից։

Իսկ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության համար Ձեր գրած մեղեդին արտահայտում է Ձեր գորովանքը մեր երկրին։ Դա Ձեր անուշ Հայաստանն է, որն ամբողջությամբ վերադարձնում է Ձեզ նույն գորովանքն ու սերը։

Մաղթում եմ մեզ բոլորիս, որ երկար վայելենք Ձեր ներկայությունն ու ստեղծագործությունը։ Առողջություն, ուժ ու եռանդ Ձեզ»։

Հայերեն Русский

Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել

Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը

Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին

Podcast-Հարց բժշկին. ինչու է սարկոման հաճախ հանդիպում երիտասարդների շրջանում և որոնք են առաջին ախտանշանները

Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով

Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին

Սևան քաղաքում մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Փոխվում է քաղաքի դիմագիծը․ Երևանի Տորք Անգեղի այգին նոր տեսք է ստանում