Քաղաքականություն

Միրզոյանը չի բացառում ականապատ դաշտերի վերաբերյալ նոր տեղեկատվության փոխանցումն Ադրբեջանին

2 րոպեի ընթերցում

Միրզոյանը չի բացառում ականապատ դաշտերի վերաբերյալ նոր տեղեկատվության փոխանցումն Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը տրամադրված է շարունակելու Ադրբեջանի հետ վստահության ամրապնդման միջոցառումները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հիշատակելով Հայաստանի կողմից Ադրբեջանին երկու անգամ ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման գործընթացը։

«Հայկական կողմը տրամադրված է շարունակելու վստահության ամրապնդման միջոցառումները։ Կհիշեք՝ մենք երկու անգամ ադրբեջանական կողմին ենք փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, թեև հետագայում տարօրինակորեն շարունակաբար լսում էինք ադրբեջանական կողմից բողոքներ այն մասին, որ այդ քարտեզները այնքան էլ արդյունավետ չեն և ճշգրիտ չեն արտացոլում ականների տեղակայումը։ Այստեղ տեղին է հիշել, որ ականապատումն այդ տարածքներում սկսվել էր 1990-ականներին հենց Ադրբեջանի կողմից։ Ինչևէ, մենք կարողացել ենք ի մի բերել և փոխանցել ադրբեջանական կողմին այն տեղեկատվությունը, որը մեզ հասանելի էր»,- ասաց Միրզոյանը։

ԱԳ նախարարի տեղեկություններով՝ այժմ Հայաստանի համապատասխան մարմինները աշխատանքներ են տանում նաև հարցումների ճանապարհով ականների տեղակայման վերաբերյալ նոր տեղեկատվությունը վերականգնելու։

«Երկուստեք համապատասխան կառուցողական մոտեցումների և վստահության ամրապնդման քայլերի դեպքում, և եթե իսկապես կարողանանք վերականգնել հավաստի տեղեկություն, չեմ բացառում, որ նորից այն փոխանցենք ադրբեջանական կողմին։ Թեև կարող եմ ասել, որ վստահաբար այդ գործողությունները պետք է անել միջազգային գործընկերների միջոցով։ Հույս ունենք, որ եթե դա տեղի ունենա, ապա այդ փոխանցման օղակում հնարավոր կլինի ևս մեկ անգամ հավաստիանալ, որ հայկական կողմը հավաստի տեղեկատվություն է փոխանցում»,- եզրափակեց Միրզոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում