Podcast. Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ «Բուկինիստ» գրախանութների ցանցում մեկնարկել է «Իմ գաղտնի գրքասեր» միջոցառումը
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սուրբ Սարգսի տոնի առթիվ «Բուկինիստ» գրախանութների ցանցը Արարատյան հայրապետական թեմի հետ համատեղ ավանդաբար կազմակերպում է «Իմ գաղտնի գրքասեր կամ սիրո խոստովանություն գրքով» միջոցառումը։ Միջոցառման նպատակն է մարդկանց ուշադրությունը սևեռել սիրո և իրար նկատմամբ ուշադիր և հոգատար լինելու կարևորության վրա և սիրո արտահայտման վեհ տարբերակներից մեկը խթանել, այն է՝ գիրք նվիրելը։

Միջոցառման մասին «Արմենպրես»-ի Podcast-ի տաղավարում զրուցել ենք Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի ղեկավար Նոյեմի Անդրեասյանի և «Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ։
««Բուկինիստ» գրախանութների ցանցի հետ «Իմ գաղտնի գրքասեր կամ սիրո խոստովանություն գրքով» ծրագիրն արդեն իրականացնում ենք ութերորդ անգամ։ Ծրագրի նպատակն է այս կերպ ուշադրություն դարձնել սիրուն, որովհետև մեր կյանքում սերը պակասել է։ Հերթական անգամ մեծարենք սերը և դա անենք լուսավորության , գրագիտության, կրթության և գրքի միջոցով։ Գիրքը զարգանալու, աճելու և ավելի լավը դառնալու հնարավորություն է։ Մենք փորձել ենք համադրել դրանք Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ՝ նախաձեռնելով այս գեղեցիկ ծրագիրը։ Սուրբ Սարգիս զորավարի տոնը իրականում սիրելիի հետ հանդիպման մասին է։ Սուրբը համարվում է երիտասարդների արագահաս բարեխոսը։ Եվ այս ծրագիրը նույնպես հանդիպման մասին է։ Մենք հնարավորություն ենք ստեղծում սիրելիներին հանդիպել գրքի շուրջ, գրքի հերոսի հետ և հնարավորություն ենք ստեղծում Սուրբ Սարգսի տոնը դարձնել ներքին մի տոն քո ներսում, քանի որ այն, ինչ դու կարդում ես , այլևս ոչ մեկ քեզանից չի կարող խլել․ այն, ինչ ստացել ես և դրա միջոցով կրթվել, մնում է քոնը»,- նշեց Նոյեմի Անդրեասյանը։
Միջոցառումների մեկնարկը «Բուկինիստ»-ում տրվել է հունվար 15-ին և շարունակվելու է մինչև հունվարի 25-ը։
«Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանը նշեց, որ հունվարի 27-ին հանդիսավոր ձևով կեզրափակեն միջոցառումը և գրքերը կհանձնեն հասցեատերերին։
«Երբ ասում ենք սեր, պարտադիր չէ սիրահարվել և նոր գիրք նվիրել։ Երբեմն չես սիրահարվում, բայց, տեսնելով, արժևորելով մարդու վարքագիծը, զգում ես, որ սեր է արթնացնում իր նկատմամբ՝ ամենամաքուր, բարի ու ջերմ զգացումով։ Եվ երբ ամփոփում ենք արդյունքները, հանդիպում ենք շատ հիանալի տեսարանների։ Գալիս են տատիկներ ու պապիկներ, ովքեր իրարից անկախ միմյանց նվիրել են գիրք և գաղտնի են պահել։ Նրանց հանդիպումը, որով բացահայտվում է իրար գիրք նվիրելը , նույնպես սիրո արտահայտություն է։ Ի դեպ, խաղի կանոններն այնպիսին են, որ գիրք նվիրողը հնարավորություն ունի չբացահայտել իր անձը և գաղտնի մնալ։ Գալիս են տատիկը և թոռնիկը, սիրահարները։ Ներկապնակը շատ գունավոր է, սիրո հասցեատերերը՝ տարբեր։ Մենք միշտ խոստովանում ենք, որ սերը մեր մեջ քիչ է, պակասում է և ավելացման կարիք կա։ Մարդկությունը առանց դրա չի կարող ապրել։ Այն, ինչ ստեղծվում է և արարվում, սիրո արդյունք է կամ արվում է հանուն սիրո։ Գրականությունը , արվեստը սիրո առանցքի շուրջ է պտտվում։ Գիրքը գիտելիքի աղբյուր է։ Մենք նպաստում ենք գիտելիքի տարածմանը։ Գրքի բնագավառում աշխատողները էնտուզիաստներ են։ Գրքի հանդեպ սերն է, որ համախմբում է այս գործի նվիրյալներին»,- նշեց Վարդանյանը։
Խաղարկվելու են արդեն բեսթսելլեր դարձած գրքեր։ Եվ, քանի որ այս տարի գործընկերների թիվը ավելացել է և ներառում է տարբեր բնագավառներ, լինելու են մի շարք այլ նվերներ։ Բոլոր այն մարդիկ, որոնք կստանան իրենց գրքերը, հնարավորություն կունենան մասնակցել վիճակահանության և գրախանութների ցանցի գործընկերների կողմից ստանալ նվերներ։ Դրանք թատրոնի, կինոյի, թանգարանների, ազգային պատկերասրահի, ժամանցի վայրերի տոմսեր են, տուրիստական տուրեր, ազգային տոնի մասնակցություն՝ հյուրատան կողմից կազմակերպված։ Եվ այս բոլոր նվերները նախատեսված են երկու անձի համար։
Նոյեմի Անդրեասյանը հավելեց, որ այս տարի Սուրբ Սարգսի տոնը հունվարի 27-ին է։ Խաղարկության, նվերների հանդիսավոր հանձնումը տեղի կունենա նույն օրը Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդարանի շենքում, ժամը 16:30-ին։
«Ի ուրախություն մեզ և գրքասերների՝ այս տարի ծրագրի մեջ մի հավելում է եղել ։ Առաջին անգամ միջոցառումը իրականացվելու է նաև «Բուկինիստ»-ի Վանաձորի մասնաճյուղում։ Կրկին նույն սկզբունքով՝ մասնակիցները կարող են մոտենալ և իրենց նվերները ստանալ տեղում։
Այս տարի միջոցառումը քայլ արեց Երևանից դուրս, քանի որ մարզերում էլ կա ինտելեկտուալ պոտենցիալ, ուստի գրագիտության, տեղեկատվության և գրքի ծարավ է նկատվում։ Ինչ-որ կերպ այդ բացը պետք է լրացնել։ Նպատակ կա, իհարկե, միջոցառումների աշխարհագրությունը մեծացնել և մարզերում ստեղծել երիտասարդական ակումբներ։ Այս թեմայի շուրջ օրերս հանդիպում է նախատեսվում մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հուսով եմ՝ նախատեսվող ծրագրերը իրականացնելու հնարավորություն կստեղծվի»,- զրույցը ամփոփելով՝ նշեց Խաչիկ Վարդանյանը։
Իրականում սեր խոստովանելու համար առիթ պետք չէ, այն երբեք շատ չի կարող լինել, բայց, եթե կա առիթ, այն էլ այսպիսի գեղեցիկ մատուցմամբ, ապա այն բաց թողնել չի կարելի։
Զրուցն ամբողջությամբ լսեք Podcast-ում:
Տաթև Զաքարյան