ԳԹԿ-ն առաջարկում է խիստ մոտեցում ցուցաբերել կարգազանց դիմորդների նկատմամբ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գնահատման և թեստավորման կենտրոնն առաջարկում է խիստ մոտեցում ցուցաբերել կարգազանց դիմորդների նկատմամբ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը նշեց, որ տարեցտարի դիմորդներից շատերը նոր տեխնոլոգիաների կիրառմամբ զարտուղի ճանապարհներ են փնտրում քննության ընթացքում արտագրելու, հուշումներ ստանալու համար։
«Դիմորդները չեն դադարում մեզ զարմացնել։ Խախտումներն ավելի հաճախ հանդիպում են ձմռանն անցկացվող քննությունների ժամանակ, երբ եղանակը ցուրտ է, գալիս են վերարկուներով։ Ամեն հագուստի գրպանից հեռախոսներ ենք հանում։ Եղել են դեպքեր, երբ վերարկուի տակ սարքավորումներին միացված լարերի մի ամբողջ կույտ ենք հայտնաբերել։ Նման դեպքում հենց այդ պահին դիմորդը դուրս է գալիս քննական սենյակից։ Այո, այդ պահին քննությունը շարունակելու հնարավորությունից զրկվում է, սակայն ամռանը կարող է նորից մասնակցել։ Հիմա մենք առաջարկում ենք նման դեպքում ընդհանրապես զրկել քննություն տալու հնարավորությունից, այսինքն՝ ամռանն էլ չկարողանան մասնակցել քննություններին»,-ասաց Կարո Նասիբյանը։
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալն ընդգծեց, որ իրենց համար շատ դժվար է քննության ընթացքից դիմորդներին դուրս հրավիրելը, սակայն եթե հայտնաբերվեց, որ կիրառում են տեխնիկա, հուշումներ, ապա ոչ մի զիջում չի լինելու։ Կարո Նասիբյանը հորդորեց դիմորդներին ու ծնողներին չդիմել նման մեթոդների, փոխարենը նորմալ պատրաստվել քննություններին։