Հասարակական

Դալմայի այգիների տարածքը կվերածվի քաղաքային մեծ զբոսայգու, Հրազդանի կիրճը՝ ռեկրեացիոն գոտու

2 րոպեի ընթերցում

Դալմայի այգիների տարածքը կվերածվի քաղաքային մեծ զբոսայգու, Հրազդանի կիրճը՝ ռեկրեացիոն գոտու

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ բնապահպանական ծրագրեր են նախատեսվում իրականացնել Երևան քաղաքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ կառավարության նիստի ժամանակ վարչապետը նշեց, որ մեկը վերաբերվում է Դալմայի այգիներին, մյուսը՝ Հրազդանի կիրճին։

«Երկու ծրագիր կա, որոնց վերաբերյալ քննարկում ենք ունեցել, և ես հանձնարարականներ եմ տվել։ Մեկը՝ Դալմայի այգիները մեծ քաղաքային զբոսայգու վերածելն է։ Ընդ որում, հնարավորինս մինիմալ միջամտությամբ, ընդհուպ՝ նստարանների մակարդակով։

Մյուսը Հրազդանի կիրճը ռեկրեացիոն գոտի դարձնելու նախագիծն է։ Մենք ներդրումային կոմիտեի վերջին նիստում շատ կարճ այս թեմայով քննարկում ունեցանք, և Երևանի քաղաքապետն առաջարկեց, որպեսզի Հրազդանի կիրճում ներդրումային ծրագրերի առումով զսպվածություն ցուցաբերենք, որպեսզի այդ տարածքները ռեկրեացիոն գոտու ձևավորման համար չկորցնենք։ Եվ ես լիարժեք պաշտպանում եմ այդ տրամաբանությունը։ Եվ, ըստ էության, Դալմայի այգիները նաև կից են Հրազդանի կիրճին, և տրամաբանական է, որ ռեկրեացիոն գոտին սկսվի հենց Հրազդան գետի գետաբերանից մինչև Կորեայի ձոր։ Կարծում եմ, որ սա մի նախագիծ է, որտեղ Կառավարությունը շատ մեծ հետաքրքրություն ունի»,- ասաց վարչապետն՝ ընդգծելով, որ Երևանի բնապահպանական խնդիրներին պետք է մեծ ուշադրություն դարձնել։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մանրամասներ ներկայացրեց Դալմայի այգիներում քաղաքային մեծ զբոսայգի կառուցելու ծրագրից։

«Դալմայի այգիների 250 հեկտար տարածքում այս պահին իրականացվում է տեխնիկա-տնտեսական ուսումնասիրությունը և, մասնավորապես, ներգրավվել ենք Արաբական Միացյալ Էմիրությունների այգիներ նախագծող ամենախոշոր ընկերությանը, որը մեզ աջակցում է հենց այս փուլից։ Եվ հետագայում մաքսիմալ կանաչ տարածք ստանալու տրամաբանությամբ ամբողջ 250 հեկտարը նախագծվելու է որպես քաղաքային մեծ անտառ-այգի»,-եզրափակեց Ավինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում