Ժամանակն է արժանիներին խրախուսելու նոր, աշխարհում վաղուց ընդունված այլ միջոցներ ներդնել. Փոխնախարարը՝ պատվավոր կոչումների չեղարկման նախագծի մասին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատվավոր կոչումների շնորհումը վերանայելու նախագծի նպատակը մասնագիտական շրջանակներում առողջ մրցակցության, արժանիքահեն առաջընթացի ապահովումն է, ինչպես նաև մասնագիտական հանրույթներում բարոյահոգեբանական մթնոլորտի վրա բացասական ազդեցությունները բացառելն ու առանձին մասնագետների խրախուսման համար չափելի և կոնկրետ արդյունքների վրա հենված գործիքակազմ ներդնելը:

Այս մասին «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան ասել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը:

- Տիկին Հարությունյան, պատվավոր կոչումների չեղարկման նախագիծն այսօր խորհրդարանում բուռն քննարկման առիթ դարձավ: Կխնդրեմ ևս մեկ անգամ հստակեցնեք, թե կոչումների շնորհումը վերացնելն ի՞նչ նպատակ է հետապնդում:

- Շնորհակալ եմ հարցի համար: Իրականում պատվավոր կոչումներից հրաժարվելու գաղափարը բնական է, որ միանշանակ արձագանք չէր գտնելու, սակայն նախագծի նպատակը, ըստ էության, պարզ է՝ դա մասնագիտական շրջանակներում առողջ մրցակցության, արժանիքահեն առաջընթացի ապահովումն է, մասնագիտական հանրույթներում բարոյահոգեբանական մթնոլորտի վրա բացասական ազդեցությունները բացառելն է, առանձին մասնագետների խրախուսման համար չափելի և կոնկրետ արդյունքների վրա հենված գործիքակազմ ներդնելն է: Առավելապես խորհրդային ժառանգություն հանդիսացող կոչումներից ժամանակն է հրաժարվել, քանի որ «ժողովրդականություն» հասկացությունը չափելի և որևէ կոնկրետ չափանիշով գնահատելի չէ, ինչի պատճառով ակնհայտ է, որ որևէ ստեղծագործողի ժողովրդականությունը, հանրային ճանաչելիությունը, նրա կերպարի և կամ գործունեության հանրային ընկալումը չի կարող ստուգվել կամ չափվել, ոչ էլ վավերացվել կամ մերժվել պետական որևէ մարմնի կողմից:

Այսօր ներկայացրի նաև այն թեզը, որ ժամանակն է արժանի անհատներին խրախուսելու նոր, առաջադեմ աշխարհում վաղուց արդեն ընդունված այլ միջոցներ ներդնել, օրինակ՝ ոլորտային մրցանակաբաշխությունները միայն ոլորտի մասնագետների կողմից գործիչների արժանիքների գնահատական տալու միջոցով՝ մրցանակի տեսքով, ըստ որում՝ նման մրցանակաբաշխությունները կարող են լինել ամենամյա՝ որը կխրախուսի ոչ միայն հենց մրցանակակրին, այլ կխթանի ոլորտի մյուս մասնագետներին (գործիչներին) շարունակաբար ունենալ իրենց ներդրումը հաջորդ մրցանակին արժանանալու համար:

- Նախագծի քննարկման համատեքստում ԱԺ ամբիոնից Դուք նշեցիք կոչումներ ստացած անձանց անուններ, որը ոչ միանշանակ ընդունվեց: Նրանցից ոմանք արդեն անգամ արձագանքել են: Արդյո՞ք նախագիծը անձերի մասին է, ինչո՞ւ անուններ հիշատակվեցին:

- Այո, հնչեցրել եմ անուններ և ցավով եմ բարձրաձայնել, որ այդ արժանավորագույն մարդկանց ժողովրդականությունը ներկայումս եթե հարցախուզով փորձենք հասկանալ՝ ցավալիորեն կպարզենք, որ նրանց ճանաչելիությունը նվազել է, և ոչ այն պատճառով, որ իրենց չեն տրվել ժողովրդականի կամ վաստակավորի կոչումները, այլ այն պատճառով, որ նշածս և իմ կողմից չնշված բազմաթիվ այլ հարգարժան անձանց աշխատանքը բավարար չափով ժամանակի ընթացքում չի լուսաբանվում, չի հանրայնացվում, շարունակական աշխատանք չի տարվում նրանց հանրային ընկալումը բարձր պահելու ուղղությամբ: Ի հակադրություն կասկածելի «ժողովրդականություն» են վայելում լրիվ այլ անուններ, այլ գործիչներ, ում թվում է՝ չպետք է դիտարկեինք որպես օրինակելի անձինք, այնպիսիք, ում անցած ճանապարհը մեզ համար պիտի ուղենիշ լիներ: Չնայած այն հանգամանքին, որ իմ ասածները ենթատեքստից կտրել են և որոշ դեպքերում ներկայացրել են միանգամայն այլ կերպ, այդուհանդերձ, ինձ մխիթարում է այն, որ գոնե իմ հնչեցրած անունների պատճառով, թեկուզ խեղաթյուրելով հնչեցրածս միտքը՝ մեր բազմաթիվ հայրենակիցներ և ցանկալի կլիներ երիտասարդներ հետաքրքրություն կցուցաբերեն նշածս անձանց գործունեության նկատմամբ:

- Նկատի ունենալով նախագծի շուրջ նման քննարկումները՝ հնարավո՞ր է, որ դրանում վերանայումներ իրականացվեն:

- Նախագծի շուրջ քննարկումներն իրականում նոր չեն, գաղափարը մեկ տարի քննարկվել է տարբեր հարթակներում, 2 անգամ հանրային քննարկման է դրվել: Դրա վերաբերյալ քննարկումները կարող են տևել շատ ավելի երկար, բայց կարծում եմ, որ մեր հանրությունը իրապես պիտի որ ընդունի այն, պետությունը պետք է հնարավորինս քիչ միջամտի որևէ ոլորտում որևէ անձի տիտղոսավորմանը, պատվավոր կոչումները չպետք է որպես քաղաքական լծակ դիտվեն, պետությունը չպետք է որոշի անձի «վաստակավոր» կամ «ժողովրդական լինելը», պետությունը պարտավոր է ստեղծել և խթանել հավասար գործելու և ստեղծագործելու պայմաններ բոլորի համար, իսկ ժողովրդի սերն ու հարգանքը չափելի չէ և պետք չէ չափել, դա անչափ էլ պետք է լինի մեր ժողովրդի արժանավորագույն զավակների հանդեպ:

Հայերեն Русский

ԱՄՆ-ն կասեցրել է Չինաստանից միջազգային ծանրոցների ընդունումը, ինչը սպառնում է Temu-ի նման հարթակներին

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հոկեյի մրցաշարի հաղթողը Դոնի Նախիջևանի թիմն է

Նախորդ տարվա ընթացքում տարբեր ծրագրերով հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 392 մլրդ ՀՀ դրամ

ՊԵԿ–ը քաղաքացու բանկային գործարքների մասին մանրամասն տեղեկատվություն չունի և չի ունենալու. Էդուարդ Հակոբյան

Ռուսաստանը պատրաստ է բանակցել Զելենսկիի հետ. Պեսկով

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ոստիկանությանը պետական և համայնքային մարմինների տեսանկարահանող սարքերին հասանելիություն տալու օրինագծին

Հայաստանը ստորագրել է ԵԿԱԿ «քաղաքացիական ավիացիայի ոլորտում միջադեպերի քննության համագործակցության վերաբերյալ վարքագծի կանոնների մասին» փաստաթուղթը

Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել

Պենտագոնը մշակում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման պլան. NBC News

ՀՀ ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային