Պաշտոնական

ՀՀ նախագահը շվեյցարիահայ համայնքի ներկայացուցիչներին մանրամասներ է հայտնել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքների մասին

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը շվեյցարիահայ համայնքի ներկայացուցիչներին մանրամասներ է հայտնել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքների մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիա կատարած այցի շրջանակներում Ցյուրիխում աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել հայկական համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը ներկաներին մանրամասներ է հայտնել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքների ու ելակետերի, ընդհանուր իրողությունների վերաբերյալ:

Իր խոսքում նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումներին, հարևանների հետ հարաբերություններում առկա իրադրությանը: Այս համատեքստում նախագահը ներկայացրել է Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները՝ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու, հարևանների և գործընկերների հետ փոխվստահության մթնոլորտ ու փոխշահավետ համագործակցություն ձևավորելու հեռանկարների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում զրուցել է համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել մասնավորապես Հայաստանի տնտեսական կյանքում առկա զարգացումների, երկրի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ իշխանությունների և կառավարության ձեռնարկած քայլերի ու ժողովրդավարական բարեփոխումների իրականացման վերաբերյալ:

Նախագահն իր խոսքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սոցիալական և հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի կառավարության միջոցառումներին ու ծրագրերին: Պատասխանելով ներկաների հարցերին՝ նշել է հայաստանյան իշխանությունների կողմից որդեգրված այն հիմնական ուղղություններն ու սկզբունքները, որոնք դրված են տեղահանվածների հիմնախնդիրների ամբողջական լուծմանը հասնելու պատկերացումների հիմքում:

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 15-18-ը աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում