«Նոր գիրք»-2/24. Օտյան, Մայքլիդիս, Արամյանց, Քեթմուլ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Երվանդ Օտյան, «Ընկեր Բ. Փանջունի»

Օտյանը ստեղծել է սոցիալական ու քաղաքական երգիծանքի փայլուն երկեր, մեծապես առաջ մղել քննադատական ռեալիզմի հայ վիպագրությունը և լիակատար իրավունք նվաճել Հ. Պարոնյանից հետո կոչվելու «ծիծաղի համար ծնված մեծագույն հայ երգիծաբանը»: Օտյանը երգիծանքի հզոր զենքով ծաղրել ու ձաղկել է ազգային այն գործիչներին, որոնք խոսքով ձևանում են «հեղափոխական», «հայրենասեր», «ազգային հերոս», մինչդեռ գործնականում ոտնահարում, արատավորում են ամեն մի սուրբ գաղափար։

Երվանդ Օտյանի «Ընկեր Բ. Փանջունի» երգիծական վեպը լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:

Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

Թարգմանական գրականություն. Ալեքս Մայքլիդիս, «Ցասում»

Հին ընկեր, նախկին կինոաստղ Լանա Ֆարրարը մեր խմբին հրավիրում է փոքրիկ կղզի՝ ժամանակ անցկացնելու:

Եղանակը տաք կլինի, արևոտ: Հանգստանալու և շփվելու հրաշալի հնարավորություն կստեղծվի։ Եվ, ո՞վ գիտե, գուցե որոշ գաղտնիքներ ջրի երես դուրս գան հունական այս դրախտում: Չէ՞ որ այս մասնավոր կղզում ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է. ո՛չ Լանան, ո՛չ նրա հյուրերը, ոչ էլ, հաստատ, մարդասպանը, որը ցասումով հյուսում է իր հանցանքի ծրագիրը: Բայց ո՞վ եմ ես:

Անունս Էլիոթ Չեյզ է, ու ես ձեզ կպատմեմ ամեն ինչ: Այսպիսի պատմություն դուք երբեք չեք լսել:

Թարգմանիչ՝ Աստղիկ Սարգսյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Մանկապատանեկան գրականություն. Հովհաննես Արամյանց, «Անտառի գիրքը»

«Անտառի գիրքը» հայ ժամանակակից հեղինակ Հովհաննես Արամյանցի առաջին ստեղծագործությունն է՝ նախատեսված բոլոր հետաքրքրասեր փոքրիկների և պատանիների համար։

Գիրքը պատմում է խորամանկ փոքրիկ աղվեսիկի և խելացի մանչուկի ծանոթության մասին և բացահայտում մի շարք զարմանահրաշ պատմություններ Խոսրովի անտառի գազանիկների մասին։ Այն սովորեցնում է, թե ինչ է ընկերությունը, թե ինչպես գնահատել և լինել շնորհակալ, ինչպես երազել և պայքարել մեր երազանքներին հասնելու համար։ Խմբագիր՝ Միլենա Մարգարյան, նկարազարդումների հեղինակ՝ Սոֆյա ՆերսԷսեան։

Գիրքը հրատարակել է «ԴաՎինչի» հրատարակչությունը։

Փաստավավերագրական գրականություն. Էդ Քեթմուլ, «Ստեղծարարների ընկերությունը. ճշմարիտ ոգեշնչմանը խոչընդոտող անտեսանելի ուժերի հաղթահարումը»

Արդեն գրեթե երեք տասնամյակ «Պիքսարը» գերիշխող դիրք է գրավում անիմացիայի ոլորտում և հանդիսատեսի դատին հանձնում բազմաթիվ սիրված մուլտֆիլմեր («Խաղալիքների պատմություն», «Սուպերընտանիքը», «Նեմոյին փնտրելիս», «Գլուխկոտրուկ», «Վեր» ն այլն), որոնք արժանացել են Ամերիկյան կինոակադեմիայի և մի շարք այլ մրցանակների: Նորարարական սյուժեներով, անկեղծ հուզականությամբ, անսպասելի կերպարներով հարուստ պիքսարյան մուլտֆիլմերն ի ցույց են դնում, թե ստեղծարարությունն ինչպիսին պիտի լինի իրականում: Էդ Քեթմուլը բացահայտում է, թե որ գաղափարներն ու մեթոդներն են «Պիքսարը» դարձրել այսչափ սիրելի ն շահութաբեր:

Թարգմանությունն անգլերենից՝ Լիլիթ Քալաշյանի: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում