Հասարակական

Հայաստանում նախատեսվում է վերացնել պատվավոր կոչումների շնորհումը

3 րոպեի ընթերցում

Հայաստանում նախատեսվում է վերացնել պատվավոր կոչումների շնորհումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախատեսվում է վերանայել Հայաստանում շնորհվող պատվավոր կոչումների շրջանակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը:

Այս պահին գործող օրենսդրությամբ սահմանված են 17 պատվավոր կոչումներ, որոնց մեջ են ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, արվեստի վաստակավոր գործչի, մշակույթի վաստակավոր գործչի, վաստակավոր լրագրողի և այլ կոչումները:

Ըստ Հարությունյանի՝ այս կոչումները ժամանակավրեպ են, առողջ մրցակցության, անգամ բարոյահոգեբանական մթնոլորտի վրա բացասաբար անդրադարձող: «Առաջադեմ երկրների փորձն էլ ցույց է տալիս, որ պատվավոր կոչումների ինստիտուտ առկա չէ, և որոշակի մասնագետների խրախուսումը չափելի ու կոնկրետ արդյունքների վրա է հիմնված լինում, հիմնականում հենվում է ոլորտայի մրցանակաբաշխությունների արդյունքների վրա»,-ասաց փոխնախարարը:

Նախկինում տրված կոչումները շարունակելու են գործել: Թողնվում է միայն «վաստակավոր կոլեկտիվ» կոչումը, քանի որ ոչ թե անհատին, այլ կոլեկտիվին է տրվում:

«Շատ են եղել դեպքերը, երբ տվյալ անձը որոշակի ժամանակահատվածում աշխատելով մասնագիտական ուղղությամբ հասել է ինչ-որ նպատակների, հետո անմիջական կոչումը ստանալուց հետո դադարեցրել է մասնագիտությանն իր նպաստը բերել իր աշխատանքով: Ըստ այդմ չգիտեմ, թե ինչքանով է նա շարունակել մնալ ժողովրդական կամ վաստակավոր»,-ասաց Հարությունյանը:

Նա խոսեց ոլորտային մրցանակաբաշխությունների մասին, որտեղ ներկայացվում է այն արդյունքը, որը մարդը ձեռք է բերել իր աշխատանքի արդյունքում, դա է գնահատվում, ոչ թե տրվում է տիտղոս, որը մինչև կյանքի վերջ մարդը կրում է: «Սա չի նշանակում, որ մենք դադարելու ենք ընդհանրապես որևէ մեկին խրախուսել իր գործունեության համար: Լինելու են ոլորտային մրցանակաբաշխություններ»,-վստահեցրեց Հարությունյանը:

Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում