Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի վարչապետին ու պաշտոնական այցով հրավիրել Հայաստան

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի վարչապետին ու պաշտոնական այցով հրավիրել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Գաբրիել Ատալին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով՝ մաղթելով հաջողություններ Ձեր բարձր առաքելությունում:

Վկայակոչելով հայ-ֆրանսիական բազմադարյա բարեկամությունն ու առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման օրոք մեր կառավարությունները նոր եռանդով կփոխգործակցեն Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցությունն առավել խորացնելու համար։

Անշուշտ, Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզն այդ նպատակին ծառայող արդյունավետ գործիք է, և լիահույս եմ, որ առկա բոլոր հնարավորությունները կօգտագործենք դրա հաջող իրագործումն ապահովելու համար:

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի կարևոր հետևողական ջանքերը մեր երկրի կողմից դիմագրավվող աշխարհաքաղաքական մարտահրավերների հաղթահարման և տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործընթացում:

Խորապես շնորհակալ եմ Հայաստանին առնչվող հարցերի հանդեպ Ձեր մշտական ուշադրության և հայ ժողովրդի նկատմամբ Ձեր ջերմ բարեկամական վերաբերմունքի համար։

Ուրախ կլինեմ Ձեզ պաշտոնական այցով հյուրընկալելու Հայաստանում, ինչը կարևոր խթան կհաղորդի մեր երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ամենաբարձր մակարդակով առկա հանձնառությանը:

Վերստին շնորհավորելով Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթելով հաջողություններ Ձեր նախաձեռնություններում՝ ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն վարչապետ, խորին հարգանքիս հավաստիքը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում