Հարցազրույց

Առողջության ապահովագրություն․ կառավարությունն ամբողջությամբ կսուբսիդավորի խոցելի խմբերի, մասնակի՝ ցածր եկամուտ ունեցողների ապահովագրավճարները

11 րոպեի ընթերցում

Առողջության ապահովագրություն․ կառավարությունն ամբողջությամբ կսուբսիդավորի խոցելի խմբերի, մասնակի՝ ցածր եկամուտ ունեցողների ապահովագրավճարները

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրումից հետո կառավարությունն ամբողջությամբ կսուբսիդավորի մինչև 18 տարեկան երեխաների, 63 ու դրանից բարձր տարիքի անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց ապահովագրավճարները։ Բացի դա, կառավարությունը պատրաստակամ է նաև մասնակի սուբսիդավորել ամսական մինչև նվազագույն աշխատավարձի քառապատիկը եկամուտ ունեցող անձանց, գյուղացիական տնտեսությունում զբաղվածների, վերջիններիս փոխկապակցված անձանց ապահովագրավճարները։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի առողջապահության նախարարի խորհրդական Սամվել Խարազյանը։

Հարցազրույցում Խարազյանն անդրադարձել է առողջության համապարփակ ապահովագրության նպատակին, ներդրման գործընթացի փուլերին ու ըստ այդմ՝ շահառուների խմբերի ընդգրկմանը, ապահովագրավճարի և պետության կողմից սուբսիդավորման չափերին և այլ մանրամասների։

-Ինչո՞վ է պայմանավորված և ի՞նչ նպատակով է ներդրվում առողջության համապարփակ ապահովագրությունը։

-Ընդհանրապես առողջության ապահովագրությունը մի մոդել է, որը հնարավորություն է տալիս կատարել ամսական փոքր կանխավճարներ և կյանքի որևէ փուլում առողջական խնդիրներ առաջանալու դեպքում չմտածել այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ ծառայությունների դիմաց վճարելուց։ Հայաստանում նման համակարգի բացակայությունը բերել է զգալի թվով մարդկանց ֆինանսական պաշտպանվածության բացակայության, և ըստ տնային տնտեսությունների հետազոտության տվյալների՝ մեծ թվով մարդիկ՝ հարցվածների շուրջ 12,5 տոկոսը, չի դիմել բժշկի ֆինանսական պատճառներով, իսկ շուրջ 56 տոկոսն էլ ուղղակի զբաղվում է ինքնաբուժմամբ, որը, մեր գնահատմամբ, մեծամասամբ ֆինանսական խնդիրներով է պայմանավորված։ Ֆինանսական պաշտպանվածության բացակայությունը տարիներ շարունակ բերել է մեր քաղաքացիների մոտ վարքագծային լուրջ փոփոխությունների, և առանց այն էլ բժշկի դիմելու վախին ավելացել են նաև հետագա ծախսերը կրելու մտահոգությունները, որի հետևանքով զգալիորեն ավելացել են բժշկական հաստատություններ ուշացած, բարդացած, անհետաձգելի վիճակում դիմելու դեպքերի թիվը՝ դրանով իսկ մեծացնելով մահացության և հաշմանդամության դեպքերի կամ հիվանդության անբուժելիության և կյանքի որակի կորստի քանակը։ Հետևաբար, մեր քաղաքացիների կողմից առողջապահական ծառայություններ ստանալու ֆինանսական պաշտպանվածության մակարդակի բարձրացման նպատակով է ներդրվում առողջության համապարփակ ապահովագրությունը՝ դա զուգորդելով նաև առողջապահության համակարգում իրականացվող այլ բարեփոխումների հետ՝ բուժօգնության որակի բարելավում, առողջապահական տեղեկատվական համակարգերի լավարկում, առողջության առաջնային պահպանման օղակի հզորացում, առողջապահական ենթակառուցվածքների՝ շենքերի և շինությունների, սարքերի և սարքավորումների արդիականացում, առողջապահական կազմակերպությունների լիցենզավորման , բուժանձնակազմի շարունակական մասնագիտական կրթման ծրագրերի իրականացում։ Մեր կարծիքով այս ամբողջությունն է հնարավորություն տալու կայացնել առողջապահական արդյունավետ և որակյալ համակարգ։

-Երբ կմեկնարկի գործնական փուլը և քանի փուլերով է նախատեսվում համակարգի ներդրումը։ Ի՞նչ է նախատեսվում յուրաքանչյուր փուլի ընթացքում։ Այս պահին գործընթացը ո՞ր փուլում է։

-Իրականում կարելի է համարել, որ առողջության համապարփակ ապահովագրության գործնական փուլն արդեն իսկ սկսված է։ Մենք 2023 թվականը համարում ենք նախապատրաստական փուլ, երբ սկսվել են օրենսդրական բազայի մշակումը, ապահովագրական փաթեթի մշակումը, փաթեթում ներառվող ծառայությունների գների հաշվարկները, բժշկական կազմակերպությունների ռեսուրսների գնահատումը՝ հիմնականում կանխարգելիչ հետազոտությունների մասով, նաև որոշ էլեկտրոնային գործիքների մշակումը։ Նախատեսվում է 2024 թվականից սկսել ներդրման փուլը, և օրենքի ու ենթաօրենսդրական փաթեթների ընդունումից հետո տարվա երկրորդ կեսին նախատեսվում է ունենալ առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ, որը կիրականացնի պետության կողմից ամբողջությամբ սուբսիդավորվող բնակչության խմբերի ապահովագրությունը։ Արդեն 2025 թվականից կապահովագրվեն 63 և բարձր տարիքի անձինք, ինչպես նաև պետական հատվածի վարձու աշխատողները։ Նախատեսվում է, որ 2026 թվականին կապահովագրվեն բոլոր վարձու աշխատողները, ինքնազբաղված անձինք, գյուղացիական տնտեսություններում զբաղվածները, իսկ 2027 թվականից վերջիններս կարող են ապահովագրել նաև իրենց փոխկապված անձանց՝ ընտանիքի անդամներին, որոնք ներառված չեն լինի որևէ խմբում։

- Ովքե՞ր կլինեն և ի՞նչ տարիքային խմբեր կընդգրկեն շահառուները, որքա՞ն քաղաքացիներ կընդգրկվեն առաջին փուլում։

-Առաջին փուլում՝ 2024 թվականին, կընդգրկվեն մինչև 18 տարեկան երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք, ընտանեկան նպաստի համակարգում հաշվառվածները և այլ պետական սոցիալական աջակցության համակարգում ներառված և ներկայումս պետական պատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ստացող անձինք, որոնց ընդհանուր թիվը կկազմի շուրջ 1,3 միլիոն։

-Ի՞նչ սկզբունքով կորոշվեն փաթեթներն ու դրանց գները։ Կա՞ն արդեն հստակ կամ մոտավոր ինչ-որ հաշվարկներ այդ գների և պետության կողմից համաֆինանսավորման չափի վերաբերյալ։

-Առողջության համապարփակ ապահովագրության դեպքում կգործի մեկ միասնական փաթեթ, որը կունենա միևնույն տարեկան կամ ամսական դրույքաչափը ցանկացած քաղաքացու համար։ Պետական բյուջեից կսուբսիդավորվի ապահովագրական վճարը 100 տոկոսի, 60 տոկոսի, 50 տոկոսի, 40 տոկոսի և 20 տոկոսի չափով՝ կախված ապահովագրված անձի կարգավիճակից կամ ապահովագրության համակարգում ներառման հիմքերից։

-Որքանով առողջության համապարփակ ապահովագրությունը մատչելի կլինի քաղաքացու համար՝ ըստ նրա աշխատավարձի կամ եկամտի չափի, եթե հաշվի առնենք, որ այն կարող է բավականին ցածր լինել։ Արդյոք կարո՞ղ է առողջության համապարփակ ապահովագրությունը ցածր եկամուտ կամ աշխատավարձ ունեցող քաղաքացու համար ֆինանսական բեռ դառնալ՝ պարտադիր լինելու դեպքում։

-Նախ նշեմ, որ մինչև 18 տարեկան երեխաների և 63 և բարձր տարիքի անձանց համար կառավարությունն ամբողջությամբ սուբսիդավորելու է ապահովագրավճարը պետական բյուջեի միջոցներից, իսկ բնակչության այդ խմբերն ամենախոցելին են ցանկացած հասարակությունում՝ հենց առողջապահական ծախսերի մեծության տեսանկյունից։ Մյուս խոցելի խումբը հաշմանդամություն ունեցող անձինք են, որոնց ապահովագրավճարը նույնպես ամբողջությամբ սուբսիդավորվելու է պետական բյուջեից։ Բացի դա, կառավարությունը պատրաստակամ է նաև մասնակի սուբսիդավորել ամսական նվազագույն աշխատավարձի մինչև քառապատիկը եկամուտ ունեցող անձանց, գյուղացիական տնտեսությունում զբաղվածներին, վերջիններիս փոխկապակցված անձանց։ Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ ապահովագրավճարի ծախսերը անհամադրելի են կյանքի որևէ փուլում մարդկանց մոտ առողջական խնդիրներ առաջանալու դեպքում կատարվող առողջապահական ծախսերի հետ։ Առավել ևս, երբ քաղաքացին այդ ծախսը պետք է կատարի միանգամից՝ հենց ծառայությունը ստանալիս, մինչդեռ առողջության համապարփակ ապահովագրության դեպքում կատարում է ամսական համեմատաբար փոքր վճարումներ։

-Ինչպե՞ս և ի՞նչ կտրվածքով պետք է կատարվեն վճարումները ապահովագրության համար։ Ապահովագրությունն արդյոք կունենա ժամկետայնություն։

-Ապահովագրությունը գործելու է վճարման հիմքով՝ յուրաքանչյուր ամիս, ըստ համապատասխան կարգավիճակի, անհրաժեշտ չափի ապահովագրական վճար կատարելու դեպքում։ Նախատեսվում է, որ հարկային գործակալ հանդիսացող գործատուների մոտ աշխատող անձանց փոխարեն ապահովագրավճարը կհաշվառվի և կփոխանցվի գործատուների կողմից, ինքնազբաղված անձինք դա կիրականացնեն ինքնուրույն, իսկ պետության կողմից ամբողջությամբ սուբսիդավորվող անձանց համար յուրաքանչյուր ամիս հատկացում կկատարվի պետական բյուջեից։

-Կարևորագույն, առաջնահերթ նշանակության ի՞նչ ծառայություններ կմատուցվեն ապահովագրության շրջանակներում։

-Կարևորելով բնակչության առողջության պահպանման անհրաժեշտությունը և հիվանդությունների՝ վաղ փուլերում հայտնաբերման կարևորությունը, փաթեթում ներառվել են ըստ յուրաքանչյուր տարիքի անհրաժեշտ կանխարգելիչ հետազոտություններ, այդ հետազոտությունների արդյունքում հայտնաբերված շեղումների դեպքում անհրաժեշտ խորացված ախտորոշիչ ծառայություններ, դրանց արդյունքում հայտնաբերված հիվանդության բուժման ծառայություններ, ինչպես նաև դրանց քրոնիկ բնույթի դեպքում շարունակական հսկողություն՝ ներառելով դեղերի, հետազոտությունների, մասնագիտացված խորհրդատվության անհրաժեշտ ծավալը։ Բացի դա, հաշվի առնելով, որ ներկայումս, նաև ֆինանսական պաշտպանվածության բացակայության պատճառով առկա են մեծ թվով առողջական հետաձգված խնդիրներ՝ տարաբնույթ բարդություններով, որոնք շատ դեպքերում պահանջում են թանկարժեք բուժօգնություն, փաթեթում ներառվել են նաև սրտային վիրաբուժության, օնկոլոգիական բուժօգնության թանկարժեք ծառայություններ և դեղորայքային, ճառագայթային բուժում։

-Շահառուն հնարավորություն կունենա՞ իր նախընտրած բուժհաստատությունում օգտվել ապահովագրության շրջանակում մատուցվող ծառայություններից։

-Եթե տվյալ բժշկական կազմակերպությունն ունենա տվյալ ծառայությունը որակյալ մատուցելու համապատասխան հնարավորություններ, ինչը կհաստատվի Հիմնադրամի հետ կնքված պայմանագրով, ապա շահառուն կարող է ստանալ տվյալ ծառայությունը իր նախընտրած բուժհիմնարկում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում