Սփյուռքի հանձնակատարների ինստիտուտն ընդլայնվում է, սպասվում են նշանակումներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընթացիկ տարում նկատելի աշխատանք է կատարվելու Սփյուռքի հանձնակատարների ինստիտուտի ձևավորման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ այս տարի արդեն սկսվելու են տեղերում՝ տարբեր երկրներում, քաղաքներում, որտեղ կա ձևավորված հայ համայնք, Սփյուռքի հանձնակատարների մեծ թվով և արագ նշանակումներ։

«Վերջին երկու տարիների ընթացքում հիմնականում բացատրական աշխատանքներ ենք տարել համայնքներում՝ պարզաբանելու, թե ինչ է իրենից ներկայացնում հանձնակատարների ինստիտուտը։ 2023 թվականից սկսեցինք հանձնակատարի նշանակումները՝ առաջինը ՀՀ վարչապետի կողմից նշանակվեց Լեհաստանում։ Այժմ դիտարկում ենք մի քանի թեկնածուներ, առաջիկայում կլինեն նշանակումներ։ Ունենք նաև մեծ ցուցակ, որը ևս դիտարկվում է։ Ցուցակում ընդգրկված անձանց հետ ևս աշխատանք է տարվելու, և երբ պահը հասունանա՝ դիմելու ենք վարչապետին՝ նշանակման համար»,-ասաց Զարեհ Սինանյանն՝ ավելացնելով, որ հանձնակատարներն արտահաստիքային պաշտոններ են։

Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրման միջոցով կընդլայնվեն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները։ Հանձնակատարների գործառույթն, ըստ Զարեհ Սինանյանի, շատ պարզ է։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ունի սահմանափակ աշխատակազմ, իսկ Սփյուռքը շատ մեծ է։ Հետևաբար` անհրաժեշտ են տեղերում մարդիկ, որոնք կապող օղակ կլինեն համայնքների ու Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի միջև։

«Նախկինում ունեցել ենք մի պրակտիկա, երբ մեր դիվանագետները եղել են համայնքային կոնտակտային անձինք։ Արդյունքում՝տեղծվել է իրավիճակ, երբ նրանք դիվանագիտությամբ չեն զբաղվել, այլ դարձել են համայնքային կցորդներ։ Մենք ուզում ենք խուսափել այդ ամենից և ձևավորում ենք հանձնակատարների ինստիտուտը։ Մենք Երևանից որևէ մեկին չենք ուղարկում համայնքներ, հանձնակատարին ընտրում ենք տեղում։ Նրանք լինելու են համայնքին հայտնի, համայնքի կրիտիկական հատվածի համար ընդունելի անձինք, որոնք կլինեն կապող օղակ համայնքների ու Սփյուռքի հանձնակատարի միջև»,-ասաց Զարեհ Սինանյանը։

Ընդհանուր հանձնակատարների քանակը կախված է լինելու տեղերում հայերի թվաքանակի, ժողովրդագրական խտությունից։ Որոշ երկրներում կլինեն շատ հանձնակատարներ, որոշ տեղերում՝ քիչ։ Այն երկրներում, որտեղ համայնքը փոքր է և կենտրոնացած մի տեղում, բազմաթիվ հանձնակատարների կարիքը չի լինի։ Այն երկրներում, որտեղ քաղաքից քաղաք կան հայ համայնքներ, բնական է, որ մի քանի հանձնակատարներ կնշանակվեն։

Զարեհ Սինանյանը տեղեկացրեց, որ առաջիկայում նշանակումներ սպասվում են արևմտյան Եվրոպայի մի քանի երկրներում։

Հեղինակ՝ Աննա Գզիրյան

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

Հայերեն English Español Русский

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի

«Արարատցեմենտ»-ի կառավարիչը կնշանակվի հուլիս ամսին. Պապոյան

ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը

Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ

Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Բելգիայի վարչապետին