ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին, որը նշվում է հունվարի 9-ին, մեկնարկեց նրան նվիրված միջոցառումների շարքը: Հանրությանը ներկայացվեց Փարաջանովի արձանը, որն առաջիկայում իր տեղը կգտնի Կինոյի տան հարակից հրապարակում, որը կրելու է «Նռան գույնը» անվանումը:
«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ քանդակագործ Արա Ալեքյանի հեղինակած գործը ներկայացնելիս` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանն ընդգծեց՝ արձանի գաղափարը երջանկահիշատակ Զավեն Սարգսյանինն էր: «Նա տարիներ շարունակ երազում էր, որ քաղաքի որևէ հատվածում կանգնեցվի Փարաջանովի արձանը»,-ասաց Խաչատրյանն ու կարևորեց այն, որ հայկական կինոն այնքան էլ հետ չի մնացել Փարաջանովի երազած կինոյից, քանի որ այն ներկայացվում է ամբողջ աշխարհում ու հետաքրքրություն առաջացնում:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների կառավարական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ 2023-2024-ին նշվել ու նշվում են այնպիսի մեծերի հոբելյաններ, ինչպիսիք են Արամ Խաչատրյանը, Սերգեյ Փարաջանովը, Շառլ Ազնավուրը և այլք: «Նրանք մարդիկ են, որոնցով հայ ժողովուրդը ներկայանում է աշխարհին ու ճանաչելի դառնում: Միջոցառումները, որոնք հաստատել է կառավարական հանձնաժողովը, կազմակերպվելու են ամբողջ տարվա ընթացքում: Հաստատել ենք ավելի քան երեսուն ծրագիր, և հոբելյանը նշելու ենք ոչ միայն Երևանում, այլև մարզերում և արտերկրում՝ Վրաստանում, Ֆրանսիայում»,-տեղեկացրեց Հարությունյանն ու շնորհավորեց արձանի բացման կապակցությամբ:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ կարևորեց 2023-ին Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում իրականացված միջոցառումներն ու ասաց, որ Հայ կինոյի 100-ամյակի ամփոփումն ու Փարաջանովի հոբելյանով տարվա միջոցառումների մեկնարկը ցույց են տալիս կինոյի ոլորտում զարգացումը, ինչը ոգևորող է: «Նախորդ տարի հայկական ֆիլմերը ավելի քան 70 տոկոսով մեծացրել են իրենց մասնակցությունը միջազգային կինոփառատոններին: Ուրախությամբ ենք նշում, որ ավելի քան տասը ֆիլմ 28 մրցանակի է արժանացել հեղինակավոր փառատոններում: Երիտասարդ ռեժիսոր Շողակաթ Վարդանյանի ֆիլմը արժանացել է IDFA մրցանակի, իսկ հիմա սպասում ենք «Ամերիկացի» ֆիլմի հաջողությանը, որն ընդգրկվել է «Օսկար»-ի կարճ ցուցակում»,-ընդգծեց Անդրեասյանը:
Անդրադառնալով Սերգեյ Փարաջանովի արձանին՝ նախարարն ասաց, որ այն շատ լավ է բնութագրում արտիստին, և ինքը հույս ունի, որ Կինոյի տան դիմաց կլինի աստղային պուրակ, ու հենց այդ պուրակում էլ կտեղադրվի արձանը:
Միջոցառմանը ներկա էին նաև Սերգեյ Փարաջանովի ընկերները, որոնք նրան շատ լավ են ճանաչել, աշխատել են ռեժիսորի հետ ու բարձր գնահատել նրա արվեստը: Այդ մարդկանցից է վրացահայ լուսանկարիչ Սերգեյ Մեչիտովը, որը 12 տարի եղել է ռեժիսորի կողքին ու լուսանկարել այն ամենը, ինչն առնչվել է Փարաջանովին:
Հենց նրա հայտնի լուսանկարի հիման վրա է Թբիլիսիում տեղադրվել Սերգեյ Փարաջանովի հուշարձանը: «Փարաջանովն էությամբ մի քիչ խենթ էր, և այդ արձանը շատ համապատասխանում է նրա բնույթին, քանի որ արտահայտում է նրա խենթությունը, որը երբեմն դժվար են ընդունում: Նա մարդ էր, որը դուրս էր օրենքից, կարգուկանոնից, շրջանակներից: Այս քանդակն ինձ դուր է գալիս, ու ես կարծում եմ, որ այն իր տեղը կզբաղեցնի քաղաքում: Չի կարելի իրար նման հուշարձաններ կերտել, դրանք պետք է տարբերվեն, և այս քանդակը յուրահատուկ է»,-շեշտեց նա:
Սերգեյ Փարաջանովը Մեչիտովին հաճախ է ասել. «Լուսանկարիր ինձ և հեռուն կգնաս»: «Փարաջանովին կամ հասկանում էիր ու նրա կողքին էիր մնում, կամ վիրավորվում ու հեռանում էիր, իսկ Փարաջանովը հեշտ էր վիրավորում: Նա սիրում էր իր կյանքի յուրաքանչյուր օրը, սիրում էր գեղեցիկն ու հրաշալին: Փարաջանովն այլ աշխարհից էր: Նման մարդիկ չեն ծնվում, նրանց ժամանակն է բերում: Դժվարանում եմ ասել, որ կարոտում եմ Փարաջանովին, քանի որ նա միշտ ինձ հետ է»,-նշեց Մեչիտովը:
Լուսանկարչի խոսքով՝ Փարաջանովը ինքնաքննադատ էր, սակայն հասկանում էր իր հանճարեղությունն ու ասում էր այդ մասին: «Փարաջանովը վաստակել է իր անունն ու ամենակարևոր բանը, որ նա մարդկությանը քարոզել է, ազատ լինելն է, ազատությունը»,-եզրափակեց Մեչիտովը:
Փարաջանովի ընկեր Նոդար Վաշակիձեն էլ հիշեց՝ երբ առաջին անգամ հանդիպել են, Փարաջանովը նրան կասկածելի հայացքով է նայել ու հարցրել արդյոք ԱԱԾ-ից չէ՞: «Այդ օրից անբաժան ընկերներ դարձանք: Նա կատակում էր ու ասում, որ նախանձում է, որ նման ատամնաշար ունեմ: Ասում էր. «Ատամներդ Հոլիվուդո՞ւմ են սարքել»: Նա շատ էր սիրում հնամենի իրեր, հավաքում էր դրանք, երբեմն նվիրում էր: Մի առիթով որոշեց ինձ հարյուրամյա սպասքապահարան նվիրել: Ես հա ձգում էի, իսկ նա պնդում էր՝ ասելով, որ դրանք թափված չեն փողոցներում, եթե չվերցնեմ, ուրիշին կնվիրի»,-հիշեց Վաշակիձեն, որը վերցրել է պահարանն ու մինչ օրս հպարտանում է դրանով:
Արձանի ցուցադրությանը հաջորդեց Դավիթ Գալստյանի «Դրվագներ Ջոկոնդայի կյանքից» ցուցադրությունը: Օրվա շրջանակում Կինոյի տան դահլիճում ժամը 12։00-20։00-ն նախատեսվում են կինոդիտումներ (5 ֆիլմ): Իսկ 18:00-20։00-ն Փարաջանովի թանգարանում տեղի կունենան «Գյուրջիև» և «Բարեկամություն» համույթների ելույթները: