ProdMap AI-ը հնարավորություն է տալիս կառավարել պրոդուկտի մշակման ամբողջ գործընթացը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Prodmap AI-ը կառավարման և գործառնական հարցերի համար նախատեսված հարթակ է, որը թույլ է տալիս արհեստական բանականության կիրառությամբ մեկ հարթակում ստեղծել պրոդուկտներ, կառավարել նախագծերի ճանապարհային քարտեզներ, ապահովել թիմի կապը։ Ստարտափը կարողացել է ներդրումների առաջին փուլը հենց հայկական վենչուրային ֆոնդերի և հրեշտակ ներդրողների օգնությամբ փակել:

«ProdMap AI-ը պրոդուկտ մենեջերների համար նախատեսված գործիք է, որը պրոդուկտի մշակման ամբողջ գործընթացը կառավարելու նպատակ ունի: Մեր խնդիրը պրոդուկտ մենեջմենթը ադմինիստրատիվ ճահճից ազատելն է: Մենք ուզում ենք նրանց հնարավորություն ու ազատ ժամանակ տալ՝ կրեատիվ, որակյալ պրոդուկտներ ստեղծելու համար: Ի վերջո, ուզում ենք, որ պրոդուկտ սարքելու գործընթացի որակը լավանա»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ստարտափի համահիմնադիր Րաֆֆի Օհանյանը:

Վեբ հավելվածը հնարավորություն է տալիս կազմակերպություններին կենտրոնացնել պրոդուկտի մշակումը և կառավարումը օգտագործողի համար հարմար մեկ հարթակում՝ վերացնելով բազմաթիվ փաստաթղթերի և գործիքների անհրաժեշտությունը:

«Ընկերությունն իր գիտելիքների բազան սովորեցնում է հարթակին: Գիտելիքների բազան կարող է ներառել հետազոտություններ, user testing-ներ, ռազմավարություն, տեսլական և այլն: Երբ պրոդուկտ մենեջերն ուզում է նոր գործիք կամ առանձնահատկություն՝ feature, ավելացնել պրոդուկտին, արդեն հարթակում եղած ինֆորմացիոն շտեմարանն է օգնության գալիս. նոր առաջարկներ, խորհուրդներ է գեներացնում, զգուշացումներ անում: Ընկերության ամբողջ ինֆորմացիոն շտեմարանը հասանելի է լինում պրոդուկտ մենեջերին: Եթե շատ պարզ փորձեմ բացատրել. օրինակ՝ ես հարթակին ներկայացնում եմ՝ ինչ նոր գործառույթ եմ ուզում ավելացնել: Հարթակն արդեն գիտի, որ, օրինակ, կարմիր գույնը օգտատերերի վրա լավ չի ազդում, խորհուրդներ է տալիս՝ զգուշացնելով և հիշեցնելով, որ կարմիր գույնը օգտատերերի համար նպատակահարմար չէ օգտագործել»,- մանրամասնեց Օհանյանը:

Համահիմնադիրը նշեց՝ ճիշտ է արհեստական բանականությունն ինտեգրված է հարթակում, բայց սկզբունքորեն չեն ուզում ամբողջ «իշխանությունը» դրան փոխանցել: Հարթակում ԱԲ-ն մարդու փոխարեն ոչ մի որոշում չի կայացնելու, այն բացառապես խորհուրդներ, առաջարկներ տալու, պատասխաններ գեներացնելու և աշխատանքի «սև գործն» անելու համար է: Վերջնական որոշումը մարդուն են թողնում:

Օհանյանը պատմեց՝ հարթակը ստեղծելու գաղափարն իր խնդրից է առաջացել: Աշխատել է ծրագրավորող, հետո խորացել պրոդուկտի կառավարման մեջ և կարիերան շարունակել հենց այս ուղղությամբ: Բացահայտել է ոլորտում առկա բոլոր խնդիրները, բացերն ու հասկացել, որ հենց ինքն ունի նման պրոդուկտից օգտվելու կարիք:

«Շատ վավերագրություն, զեկույցներ, տեղեկատվություն իրարից անկախ տեղերում են, ու դրանք միաժամանակ ուսումնասիրման կարիք ունեն․ դրանք մի տեղում հավաքելն ու «մարսել»-ն ընկնում է պրոդուկտ մենեջերի ուսերին, որն էլ, ի վերջո, փորձում է ամեն ինչ հասցնել, որից տուժում է ամբողջ աշխատանքային գործընթացը: Ես պրոդուկտ մենեջեր չէի, որ ադմինիստրատիվ գործերով զբաղվեի: Ի վերջո, որոշեցի ինքս խնդիրը լուծել»,- մանրամասնեց համահիմնադիրը:

Հարթակը ստեղծելու գաղափարը ծագել է 2022 թվականի ամռանը, արդեն նույն թվականի ավարտին այն շուկա է դուրս եկել ու մինչև օրս հասցրել է արդեն 10 խոշոր ընկերությունների հետաքրքրությանն արժանանալ, որից մեկը հայկական PicsArt-ն է, որն ամբողջությամբ օգտվում է հարթակից: Բացի այս հաջողությունից, ստարտափը հասցրել է գրավել նաև հայկական վենչուրային ֆոնդերի և հրեշտակ ներդրողների ուշադրությունը: Formula VC և BigStory VC վենչուրային ֆոնդերը հասցրել են համապատասխանաբար 200 և 250 հազար դոլարի ներդրումներ կատարել ստարտափում:

Ստարտափն այս պահին բաղկացած է 8 հոգուց, Արշակ Ավոյանը ստարտափի մյուս համահիմնադիրն է: Ընկերությունը նպատակ ունի առաջիկայում աշխատակիցների թիվը հասցնել 10-ի:

«Այս պահին մենք հավատում ենք, որ մեր պրոդուկտը բավականաչափ հասուն է, որպեսզի մարդիկ այն օգտագործեն: Այս փուլում ուզում ենք ավելացնել մեր հաճախորդ ընկերությունների թիվը՝ 10-ից հասցնելով 50-ի»,- ասաց Օհանյանը:

Առաջիկայում ստարտափը նպատակ ունի համաշխարհային շուկա դուրս գալ: Ստարտափի համահիմնադիրը շեշտեց՝ Հայաստանում այս պահին առողջ մթնոլորտ է ստարտափ սկսելու և ներդրումներ ներգրավելու տեսանկյունից:

Կարինե Տերտերյան

Հայերեն Español

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները