Հայաստանի վարչապետն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն:

«Ուրախ եմ բարձր մակարդակի շփումների և փոխայցելությունների համար, որ մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև: Սա կարևոր է ոչ միայն մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման, այլև մեր արտաքին հարաբերություններում և ընդհանրապես քաղաքականություններում միմյանց համար ավելի հասկանալի լինելու իմաստով: Իհարկե, երկկողմ օրակարգի հարցերը մենք անընդհատ քննարկում ենք և ուրախ եմ, որ այդ քննարկումներում աշխատանքային ու անկեղծ մթնոլորտ է հաստատված: Գիտեմ նաև, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ արդյունավետ քննարկում եք ունեցել և ակտիվ, ինտենսիվ աշխատանքային շփումներ ունեք, ինչի համար նույնպես ուրախ եմ: Կուզեմ նաև Ձեզնից լսել այցի օրակարգի և ակնկալվող արդյունքների մասին»,- ասել է վարչապետը:

Իրանի արտգործնախարարը նախ վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի ջերմ ողջույնները:

«Նախագահը խնդրել է, որ ջերմորեն շնորհավորեմ Ձեր և Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդի Նոր տարին և Սուրբ ծնունդը: Ձերդ գերազանցություն, շատ ուրախ եմ Ձեզ հետ հանդիպման առիթով: Իմ գործընկերոջ՝ ՀՀ ԱԳ նախարար պարոն Միրզոյանի հետ շատ լավ, կառուցողական և օգտակար քննարկում ենք ունեցել: Այսօր մենք Հայաստանի Հանրապետությունում ենք, որպեսզի ևս մեկ անգամ ընդգծենք, թե ինչ ուշադրություն ենք դարձնում երկկողմ հարաբերություններին և դրանց կարևորությանը: Մեր գնահատականն այն է, որ երկու երկրները ճիշտ ուղով են ընթանում: Մենք ականատեսն ենք քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացմանը. դրան զուգահեռ նաև հատուկ ուշադրություն ենք դարձնում հարաբերությունների խորացման վրա»,- նշել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական փոխգործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել երկկողմ առևտրատնտեսական կապերի խորացմանը, ենթակառուցվածքների, ինչպես նաև այլ ոլորտներում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերին:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության թեմաների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացների, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ: Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրն աջակցում է վերոնշյալ սկզբունքների հիման վրա ապաշրջափակման գործընթացին, մասնավորապես, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Հայերեն العربية English Español فارسی Français Русский Türkçe 中文

ԵՄ անդամ երկրների դեսպանները Սյունիքում քննարկել են «Դիմակայուն Սյունիք» նախաձեռնության հետագա առաջնահերթությունները

Արարատ Միրզոյանը և Նեպալի ԱԳ նախարարը քննարկել են գործարար կապերի խթանումը մի շարք ոլորտներում

Եվրոպայում տիեզերական արձակումների պահանջարկը մինչև 2034 թվականը գրեթե վեց անգամ կավելանա

Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ

Պուտինն ու Վուչիչը քննարկել են էներգետիկան, Ուկրաինան և Մերձավոր Արևելքը

Չինաստանի և ԱՄՆ-ի զինված ուժերը նախատեսում են ստորագրել ճգնաժամերի կանխարգելման հուշագիր

Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն

Ռուբիոն ավելի քան 100 ամերիկյան ընկերությունների պատվիրակության հետ կայցելի Ուզբեկստան

Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովում

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին