«Նոր գիրք»-48/23. Ստեփանյան, Քրիստի, Ափոյան, Եղիազարյան, Չանդար
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ գրականություն
Աշոտ Ստեփանյան, «Քաղաքը քեզ կսպասի»
Աշոտ Ստեփանյանի «Քաղաքը քեզ կսպասի» պատմվածքների ժողովածուն նրա առաջին գիրքն է: Այն հատկանշվում է գրողական ընդգծված անհատականությամբ, սեփական տեսակը ճանաչելու և նրան հարազատ լինելու շատ կարևոր ունակությամբ, իրականության յուրովի ընկալման և մեկնաբանման ինքնատիպ վարպետությամբ: Պատմվածքների կերպարները, իբրև կենսակերպի թիրախ ունենալով մահվան հանդեպ վերաբերմունքը, յուրովի են հաղթահարում դրան առնչվելու հոգեբանա-գոյաբանական բարդությունները: Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։
Թարգմանական գրականություն
Ագաթա Քրիստի, «Վարագույր. Պուարոյի վերջին գործը»
«Վարագույր. Պուարոյի վերջին գործը» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1975թ. Մեծ Բրիտանիայում: Լեգենդար խուզարկու Պուարոն ընկերոջ՝ Արթուր Հասթինգսի հետ վերադառնում է Սթայլզ, որտեղից էլ սկսել էին հանցագործություններ բացահայտելու իրենց համատեղ գործունեությունը: Այս վեպով էլ ավարտվում է Ագաթա Քրսիտիի՝ խուզարկու Պուարոյի մասին պատմող շարքը: Թարգմանությունը՝ Շուշան Փայտյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։
Մանկապատանեկան գրականություն
Հասմիկ Ափոյան, Լուսինե Եղիազարյան, «Աստիճանը»
Քաղաքի արվարձաններից մեկում՝ մի խորհրդավոր տան մեջ, հաշտ ու համերաշխ ապրում էին հեքիաթների կերպարներ ու խաղալիքներ: Տան խորդանոցում տանտիրուհին պահում էր չօգտագործվող իրեր ու կահ–կարասի: Իրերից մեկը՝ հին ու խարխուլ աստիճանը, տեսնելով, որ տանտիրուհին մտադիր է իրենցից ազատվելու, զարմանալի որոշում է կայացնում: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։
Փաստավավերագրական գրականություն
Թուբա Չանդար, «Հրանտ»
Գրքում ներկայացված է թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի կենսագրությունը, որը գրվել է որպես բանավոր պատմություն։ Այն խճանկար է՝ կազմված Դինքի ընտանիքի, ընկերների և գործընկերների հիշողություններից, ինչպես նաև հենց Հրանտի «ձայնից», որը հնչում է նրա հոդվածներից։
Հրանտ Դինքի մասին առաջին կենսագրական գիրքն է, որը պարզապես դասական հուշագրություն չէ։ Այն հերոսի հետ նույնանալով՝ «առաջին ձեռքից» հաղորդում է բացառիկ տեղեկություններ։
Իսկ Դինքն իր հոդվածներում ու ելույթներում պատմում էր Թուրքիայի բոլոր քաղաքացիների ժողովրդավարական իրավունքների, այդ թվում՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին ազատ խոսելու իրավունքի մասին։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը