Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն ՏՏ ոլորտը ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ

2 րոպեի ընթերցում

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն ՏՏ ոլորտը ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող շուրջ 30 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, պատասխանատու այլ պաշտոնատար անձինք:

Հանդիպման սկզբում վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է հասկանալ, թե ինչ խնդիրներ կան ոլորտում, պարզել ոլորտի զարգացման նպատակով կառավարության կողմից իրականացվող քաղաքականության արդյունավետությունը, ինչպես նաև քննարկել առաջիկա անելիքները:

ՏՏ ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են, թե կառավարության կողմից իրականացվող ծրագրերն ինչ խնդիրներ են լուծել ոլորտում, ներկայացրել իրենց պատկերացումները գործող կարգավորումների լավարկման, ինչպես նաև առաջարկություններ ոլորտում առկա խնդիրները երկարաժամկետ կտրվածքով լուծելու վերաբերյալ:

Քննարկման արդյունքում վարչապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, բարձրաձայնված խնդիրների շուրջ հետևողական աշխատանքներ իրականացնել, մշակել լուծման արդյունավետ մոդել, սահմանել ժամանակացույց և ներկայացնել հաջորդ հանդիպման ժամանակ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանը տեխնոլոգիական և տեխնոլոգիապես զարգացած երկիր տեսնելը ռազմավարական նպատակ է: «Իմ ուղերձը հետևյալն է, որ կառավարությունն ունի այդ քաղաքական կամքը, և դա մեզ համար ծրագրային թեզ է»,- հավելել է վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում