Հատուկ նախագծեր

Երրորդ սերունդը Գյումրիի կոլորիտային դարբնոցում. Հովհաննեսը բացահայտում է ժառանգաբար իրեն հասած մասնագիտության գաղտնիքները

3 րոպեի ընթերցում

Երրորդ սերունդը Գյումրիի կոլորիտային դարբնոցում. Հովհաննեսը բացահայտում է ժառանգաբար իրեն հասած մասնագիտության գաղտնիքները

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դարբնությունը Հայաստանում տարածված արհեստներից է եղել, սակայն որպես քաղաքային արհեստ իր լիարժեք արտահայտումը ձեռք է բերել Գյումրիում և ծաղկուն շրջան ապրել 19-րդ դարում: Գյումրեցի Հովհաննես Մնոյանը դարբնության արհեստը սովորել է պապիկից և հայրիկից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննեսը նշեց, որ ժառանգաբար իրեն փոխանցված արհեստը նա սիրել է փոքր տարիքից և իր առաջին քայլերը սկսել է դեռ 10 տարեկանից:

Գյումրիի կոլորիտային դարբնոցում արդեն երրորդ սերունդն է աշխատում ու արարում՝ պահպանելով իրենց պապիկից և հայրիկից ժառանգություն ստացած գործիքները, մեթոդներն ու մեխանիզմները՝ դրանց ավելացնելով նորերը:

8D1A9605.JPG (649 KB)

Առավոտյան մեկ գավաթ սուրճ, դասական երաժշտություն, հատկապես՝ Կոմիտաս. հենց այսպես է սկսվում դարբին Հովհաննեսի աշխատանքային առավոտը:

Հովհաննեսն անկեղծացավ՝ դարբնությունը իր համար զուտ մասնագիտություն չէ․ այն արվեստի մի մաս է, որտեղ հնարավորություն ունի ստեղծագործելու:

«Սերը դեպի գործ տանում է այնտեղ, որ սկսում ես ստեղծագործել, կատարելագործել աշխատանքներդ, և ես հիմա հենց այդ ճանապարհին եմ․ չեմ սիրում նույն տեղում մնալ»,- ասաց վարպետը:

Դարբինը նշեց՝ մասնագիտությունը բարդ է, բայց այն լավ ուսումնասիրելուց և նրբություններին ծանոթանալուց հետո դառնում է հաճելի:

Նա ցավով նշեց, որ վերջին տարիներին նոր սերնդի մոտ դարբնություն սովորելու հետաքրքրությունը մարել է, ու ըստ նրա՝ դա գալիս է մասնագիտությունը չճանաչելուց:

8D1A9494.JPG (740 KB)

Ստեղծագործել սիրող դարբինը հասցրել է նաև իր ստեղծագործություններով Գյումրիի դարբնագործությունը ներկայացնել միջազգային մի շարք փառատոններում և նախագծերում:

Հովհաննեսը վստահ է՝ հետագայում, երբ երեխաներ ունենա, ամեն ինչ անելու է, որ նրանք սիրեն ու շարունակեն ժառանգաբար իրեն ու եղբորը հասած արհեստը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Սերնդեսերունդ փոխանցվող այս ազգային ավանդույթի գրանցումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում առանցքային նշանակություն ունի դրա կենսունակության ապահովման, արժևորման և հանրահռչակման համար։

Գայանե Գաբոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում