Պաշտոնական

ՀՀ նախագահն ուղերձ է հղել Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ուղերձ է հղել Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է․

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր լրանում է Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցը:

1988 թվականի դեկտեմբերի 7-ը մեր պատմության ողբերգական օրերից մեկն է, երբ բնական աղետի զոհ դարձան հազարավոր մեր հայրենակիցներ, հարյուրհազարները մնացին անօթևան, երկրի տնտեսությունը հսկայական վնասներ կրեց:

Անկախության ճանապարհին առաջին քայլերն անող Հայաստանի համար երկրաշարժը ծանր փորձություն էր: Սակայն մեր ժողովուրդը, ուժերի լարումով ու ջանքով, կարողացավ քայլ առ քայլ հաղթահարել բնական աղտի հետևանքները:

Մարդկային կորուստների ցավը մեղմելու և երկրաշարժի հետևանքները վերացնելու գործում, մեր երկիրն ստացավ հայկական սփյուռքի, մեր բարեկամ ժողովուրդների ու պետությունների բարոյական ու նյութական անուրանալի աջակցությունը:

Այսօր մեր զոհված հայրենակիցների հիշատակը պետք է հարգենք նախևառաջ երկրաշարժից տուժած մեր քաղաքներն ու բնակավայրերը շենացնելով, ինչպես նաև պատասխանատվությամբ, քանի որ բնական աղետների վնասները նվազագույնի հասցնելու համար հավասարապես կարևոր են մեր քաղաքացիների, շինարարների, ճարտարապետների ու պետական պաշտոնյաների՝ բարեխիղճ, պատասխանատու և գիտակից որոշումները»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում