Պաշտոնական

Նոր կառուցվածքը պատկերացնում ենք 4 հիմնական հենասյուներով. վարչապետի մոտ քննարկվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման մոդելը

2 րոպեի ընթերցում

Նոր կառուցվածքը պատկերացնում ենք 4 հիմնական հենասյուներով. վարչապետի մոտ քննարկվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման մոդելը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման մոդելը:

«Ուզում եմ հիշեցնել, որ մենք Ոստիկանության նոր կառուցվածքը պատկերացնում ենք 4 հիմնական հենասյուներով: Դրանցից առաջինի՝ Պարեկային ոստիկանության հիմնադրման աշխատանքներն արդեն ավարտվում են: Քրեական և Համայնքային ոստիկանությունների ձևավորման հայեցակարգը քննարկվել, ընդունվել է, և մենք այժմ պետք է որոշում կայացնենք Ոստիկանության գվարդիայի ձևավորման մոդելի շուրջ: Դրա արդյունքներով պլանավորման աշխատանքն ավարտված կհամարվի և կմնա իրագործման փուլը»,- ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, խորհրդակցության սկզբում նշել է Նիկոլ Փաշինյանը:

Զեկուցվել է, որ արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել Ոստիկանության գվարդիայի մասին նոր օրենքի նախագիծը: Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Ոստիկանության գվարդիայի անմիջական գործառույթներին, կառուցվածքին, տարածքային ծածկվածությանը, գվարդիայի առջև դրվելիք հիմնական խնդիրներին և այլ հարցերի:

Ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ, որոնց հիման վրա Ոստիկանության գվարդիայի մոդելը կբերվի վերջնական տեսքի:

Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ կարևորել է Ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և ընդգծել Ոստիկանության գվարդիան ժամանակակից տեխնիկայով համալրելու անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում