ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ գրականություն
Հովհաննես Երանյան, «Արչի»
Հովհաննես Երանյանի «Արչի» վեպը արտաքուստ չզուգադրվող, բայց ենթատեքստային մակարդակում բազմաթիվ զուգահեռներ երևակող երկու պատմությունների համադրություն է: Վիպական սյուժեներով խաչմերուկված երկու դարասկիզբ, որոնցից առաջինը Հայոց Մեծ եղեռնի, երկրորդը՝ 44-օրյա պատերազմի իրողություններով է գեղարվեստականացվում՝ իբրև հոգեբանություն, պայքար և հաղթահարում: Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։
Թարգմանական գրականություն
Ջովանի Դոցինի, «Այստեղ պիտի մնայի»
Լուկա Բրեգոլիսեն միջին տարիքի ներկարար է: Ապրում է Իտալիայի Պերուջա քաղաքում։ Երիտասարդ տարիներին մասնակցել է հասարակական տարբեր շարժումների, կինը տնային տնտեսուհի է, դուստրը չորս տարեկան է, կոմունիստ հայրը թոշակառու է։ Բրեգոլիսեն չարացած է ներգաղթյալների վրա, որոնք խաթարում են իր քաղաքի անդորրը։ Նրա օգնական Նաբիլի անչափահաս որդին թմրավաճառ է: Մարոկկացի Նաբիլը կքած է բազում հոգսերի տակ։ Եվ ահա մի օր Նաբիլի որդին անհետանում է: Բրեգոլիսեն այժմ պետք է վերջնական որոշում կայացնի:
«Այստեղ պիտի մնայի» վեպը տասնվեցօրյա ներքին մտորումների հոսք է։ Այն գրված է առաջին դեմքով եւ ներկա ժամանակով, ինչն ընթերցողին հնարավորություն է տալիս աշխարհին նայել Բրեգոլիսեի աչքերով: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։
Մանկապատանեկան գրականություն
Սուրբ ծննդյան պատմություններ
Սուրբ ծննդյան զարմանահրաշ պատմությունների այս ժողովածուն ընդգրկում է տասնվեց հեղինակների ստեղծագործություններ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն (թարգմանությունները կատարվել են անգլերենից, ֆրանսերենից, գերմաներենից, ռուսերենից):
Գիրքն ունի երկու բաժին՝ հեքիաթներ և պատմվածքներ, որոնք նախատեսված են և՛ փոքրերի, և՛ մեծահասակների համար:
Հրաշքներով ու կախարդական պատմություններով լի այս գիրքը առաջինն է իր տեսակի մեջ, որ հայ ընթերցողին ուղեկցում է դեպի Սուրբ ծննդյան Լույսը: Կազմող` Դավիթ Սամվելյան: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը