ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ համագործակցության համար և նշել, որ երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն: Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկկողմ տնտեսական փոխգործակցության զարգացումը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ առկա է մեծ ներուժ:
Էվանգելոս Տուրնակիսի խոսքով՝ իր գործունեության ընթացքում ներդրել է բոլոր ջանքերն՝ ի նպաստ բարեկամ Հայաստանի հետ կապերի ընդլայնման ու ամրապնդման: Նա վստահություն է հայտնել, որ հայ-հունական համագործակցությունը կշարունակի ընդլայնվել բոլոր ոլորտներում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ:
Վարչապետ Փաշինյանը դեսպան Տուրնակիսին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ: