Պաշտոնական

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են միջոցառումների նախապատրաստական աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են միջոցառումների նախապատրաստական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ նոյեմբերի 24-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը:

Արայիկ Հարությունյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, ընդգծել է Սերգեյ Փարաջանովի հոբելյանը պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են անվանի կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հոբելյանական միջոցառումների ցանկը, որի շրջանակում նախատեսված են ավելի քան 30 ծրագրեր: Հոբելյանական միջոցառումները տեղի են ունենալու հաջորդ տարի. մեկնարկը տրվելու է 2024 թ. հունվարին:

Ծրագրի շրջանակում նախատեսվում են միջոցառումներ մայրաքաղաքում, մարզերում և արտերկրում: Մասնավորապես, միջազգային գիտական կոնֆերանս, գիտական մենագրության հրատարակություն, ֆիլմերի ցուցադրություններ, Սերգեյ Փարաջանովին նվիրված կրթամշակութային հանդես, թատերական բալետային, պարային ներկայացումներ, ֆոտոցուցահանդես և այլն: Տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը՝ 2024 թ-ի հունվարի 9-ին:

Մտքեր են փոխանակվել միջոցառումների ժամանակացույցին, ձևաչափերին առնչվող մի շարք հարցերի շուրջ, քննարկվել են կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:

Արայիկ Հարությունյանը Սերգեյ Փարաջանովի հոբելյանական տարին ամենաբարձր մակարդակով անցկացնելու համատեքստում կարևորել է գերատեսչությունների միջև փոխկապակցված, արդյունավետ աշխատանքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում