Հասարակական

Սարդարապատում հանդիսավորությամբ նշվեց զորահրամանատար, ազգային հերոս Դանիել Բեկ-Փիրումյանի ծննդյան 162-ամյակը

3 րոպեի ընթերցում

Սարդարապատում հանդիսավորությամբ նշվեց զորահրամանատար, ազգային հերոս Դանիել Բեկ-Փիրումյանի ծննդյան 162-ամյակը

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանում հանդիսավոր պայմաններում նշվեց Սարդարապատի ճակատամարտիգլխավոր հրամանատար, ազգային հերոս Դանիել Բեկ-Փիրումյանի ծննդյան 162-ամյակը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում հուշահամալիր-թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սվետլանա Պողոսյանը նշեց, որ իրենք մեծապես կարևորում են ականավոր զորավարի անցած փառավոր ուղին, ինչի վկայությունն են նրա հիշատակին նվիրված և ավանդական դարձած միջոցառումները։

DSC02096.jpg (576 KB)

«Դեպի թանգարան բերող ճանապարհը 2018 թվականից անվանակոչվել է զորավարի անունով։ Նախկինում պարբերաբար կազմակերպվել է ծաղկեզամբյուղի և թրի խոնարհման միջոցառումներ ս․ Գայանե եկեղեցու բակում թաղված հրամանատարի շիրմի մոտ։ Ամենայն հայոց կաթողիկոսԳևորգ Ե Սուրենյանցը մեծապես գնահատել է Բեկ-Փիրումյանի վաստակը՝ թույլատրելով նրա աճյունն ամփոփել եկեղեցու բակում»,- ասաց Պողոսյանը։

Քանի որ թանգարանի հարկաբաժիններից մեկում մի ցուցադրական համալիր ամբողջությամբ նվիրված է Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյաններին, ուստի նախապես որոշել էր այս տարի հուշահամալիրի տարածքում կազմակերպել բանախոսություն-համերգ՝ հրավիրելով մերձակա համայնքների հանրակրթական դպրոցների աշակերտներին։

DSC02230.jpg (859 KB)

DSC02166.jpg (645 KB)

«Դանիել Բեկ-Փիրումյանն իսկապես փառահեղ կերպար է, մասնակցել է բազմաթիվ ճակատամարտերի, որոնց պսակը դարձավ Սարդարապատի հերոսամարտը։ Նա նաև ցարական բանակի գնդապետ էր և իր ռազմարվեստով մեծ համբավ էր վայելում ցարական Ռուսաստանում։ Հատկապես մեր օրերում նման հերոսների մեծարումն ունի առանձնակի խորհուրդ»,- նշեց Պողոսյանը։

DSC02138.jpg (626 KB)

Ի դեպ, հարակից համայնքներից եկած դպրոցականների թվում Մեծամորից ժամանել էին նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում հանգրվանած բազմաթիվ աշակերտներ, որոնց համար մեծ պատիվ էր մասնակցել լեգենդար հայրենակցի մեծարմանը։ Դպրոցականները շրջայց կատարեցին թանգարանի ցուցասրահներում՝ ծանոթանալու հայոց հերոսամարտերի տարեգրությանն ու անվանի ռազմիկների քաջագործություններին։ Հուշահամալիր-թանգարանի աշխատակից Արևիկ Մելիքյանն ամփոփ ներկայացրեց զորավար Բեկ-Փիրումյանի անցած փառավոր ուղին, նրա կյանքի հետաքրքրական դրվագները։ Միջոցառման ընթացում ելույթ ունեցան և հաղթական ռազմապարեր ներկայացրին Այգեշատ գյուղի «Սուրմալու» համույթի և Արմավիրի թիվ 6 արվեստի դպրոցի սաները։

DSC02130.jpg (779 KB)

Հուշահամալիր-թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը տեղեկացրեց, որ 2026 թվականին նախատեսված միջոցառումների թվում պատշաճ կերպով և ավելի մեծ ընդգրկվածությամբ նշվելու է Սարդարապատի ճակատամարտի հերոս զորավարի 165-րդ հոբելյանական տարեդարձը։

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում