5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ գրականություն․ Հովիկ Աֆյան, «Ծովից ծով»
Աշխարհում առաջին նավաստին, ով գոռաց՝ «ցամա՜ք», հավանաբար Աստված ինքն էր: Արդեն հետո ցամաքում խեղդվող մարդիկ փրկության անունը «ծով» դրեցին: Եւ առաջացավ ծովի հավերժական որոնումը: Եւ հարցը՝ ինչո՞ւ էր պետք ցամաքեցնել ծովը:
Պատասխանը գտնելու ճանապարհին՝ գրականության Նոբելյան մրցանակ ստացած գրողը մոռանում է բոլոր բառերը, իսկ աշխարհը նրանից նոր վեպ է սպասում:
Այս վեպում իրականն ու անհավանականը հանդիպում են ծովի ափին, ու պատմությունն այս հենց անծայրածիր ծովի մասին է և ծերացած մարդու, որն ամեն օր նայում է ալիքներին, որոնք չեն բերում մահը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։
Թարգմանական գրականություն․ Ագաթա Քրիստի, «Կարիբյան գաղտնիքը»
1964 թվականին հրատարակված «Կարիբյան գաղտնիքը» վեպը միակն է միսս Մարփլի մասնակցությամբ պատմություններից։ Գործողությունները տեղի են ունենում Անգլիայից դուրս:
Արև, լողափ, արմավենիներ. թվում է՝ ոչինչ չի կարող խաթարել Կարիբյան ծովի դրախտային կղզիներից մեկի անդորրը, և ծեր մայոր Փելգրեյվի մահն ընդամենը ժամանակավոր ստվեր է գցել հանգստացողների միապաղաղ առօրյայի վրա: Սակայն միսս Մարփլին հանգիստ չի տալիս այն միտքը, որ մայորի մահվան հետևում սոսկալի գաղտնիք կա, և նա ամեն ինչ կանի, որ բացահայտի այն: Թարգմանությունը՝ Քրիստինե Չիլինգարյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։
Մանկապատանեկան գրականություն․ Է. Բ. Ուայթ, Գարթ Ուիլյամս, «Ստյուարտ Լիթլը»
«Ստյուարտ Լիթլը» ամերիկացի հանրահայտ մանկագիր Է. Բ. Ուայթի՝ մանուկներին հասցեագրած առաջին ստեղծագործությունն է։
Մանկական այս վիպակը մկնիկ–տղա Ստյուարտի՝ մկնանման արտասովոր արտաքինով, ընդամենը երկու մատնաչափ հասակով արկածասեր, զվարճալի փոքրիկ տղայի մասին է։ Իրականի հետ միախառն ֆանտաստիկ այս պատմությունը սովորեցնում է կենսասիրություն, ընկերասիրություն, համառություն, նպատակասլացություն։
Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1945 թվականին: Ստյուարտ Լիթլ մկնիկ–հերոսի պատմությունն անիմացիոն ֆիլմի, հեռուստասերիալի, բազմաթիվ տեսախաղերի, աուդիո գրքի սցենար է դարձել, արժանացել մրցանակների ու պարգևների։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։
Փաստավավերագրական գրականություն․ Լասլո Բոկ, «Ի գործ»
Google-ի մարդկային ռեսուրսների կառավարման գծով ղեկավարը բեկումնային հետազոտություն է արել աշխատանքի կազմակերպման ոլորտում։ Հետազոտման արդյունքների կիրառումը կօգնի, որ ձեր բիզնեսում ներգրավեք ամենատաղանդավոր աշխատակիցներին, որոնք պատրաստ են հաջողության հասնել:
Հիմնվելով վարքագծային տնտեսագիտության վերջին հետազոտությունների եւ մարդկային հոգեբանության խորքային ընկալումների վրա՝ «Ի գործը» բերում է ճանաչված, բայց աշխատանքի համար ոչ լավագույն ընկերությունների օրինակները եւ ներկայացնում պակաս հայտնի ընկերությունները, որոնք տպավորիչ արդյունքների են հասնում սեփական աշխատակիցներին արժեւորելու եւ նրանց լսելու շնորհիվ: Բոկն օգնում է ներսից տեսնել Google-ի կառավարման խոհանոցը. հաջողակ ընկերություն, որը տարիներ շարունակ համարվում է աշխատանքի լավագույն վայրերից մեկը եւ որտեղ կյանքի են կոչվում երկար տարիների հետազոտությունների արդյունքները:
«Ի գործը» ցույց է տալիս, թե ինչպես է պետք հավասարակշռել ստեղծարարությունն ու վարչարարությունը, հասնել հաջողության, որը կարելի է չափել կյանքի որակի փոփոխությամբ: Կարդացեք այս գիրքը, եթե ցանկանում եք ձեր ընկերությունը կառավարել ներքեւից, ոչ թե վերեւից: Կարդացեք, որ սովորեք հաճույք ստանալ ձեր աշխատանքից: Թարգմանիչ՝ Լիանա Զաքարյան։
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը