Podcast-ՍոցUp. Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման աջակցությունից արդեն օգտվել է ավելի քան 2600 շահառու
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից ընթացիկ տարում արդեն օգտվել է 2688 ընտանիք:
«Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp-իշրջանակներում այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը՝ մանրամասնելով, որ նրանցից 801-ն աջակցություն է ստացել կանխավճարի ապահովագրության ծրագրով, 388-ը՝ միանվագ դրամական աջակցության, իսկ 1499-ը՝ երեխայի ծննդյան համար նախատեսված աջակցության:
«Թվերը շատ արագ են աճում: Փորձը ցույց է տալիս, որ պլանային թվերը չեն պահպանվում և շատ անգամ ավելի մեծ են լինում փաստացի ցուցանիշները, ինչն ուրախալի է և նշանակում է, որ այնուամենայնիվ, ծրագրերը նպատակային են ու դրական են ազդում ընտանիքների վերարտադրողական վարքագծի վրա»,-նշեց Ղարագյոզյանը:

Նրա տեղեկատվությամբ՝ ծրագրի համար պետական բյուջեից, ընդհանուր առմամբ, արդեն վճարվել է 1 միլիարդ 960 միլիոն դրամ, մինչդեռ 2023 թվականի համար պլանավորվել էր 1 մլրդ 200 մլն դրամ:
Ծրագրի շրջանակում իրականացվում են 3 նպատակային ենթածրագրեր, արդեն 2 անգամ վերաբաշխում է կատարվել:
«Հենց այս պահին մենք գտնվում ենք այն փուլում, որ մոտակա օրերին նախատեսվում է ևս 200 մլն դրամ վերաբաշխում. այս պահին արդեն իսկ սպասում են շուրջ 300 շահառուներ, որոնց հայտերը հաստատվել են, որպեսզի վճարումներն արվեն»,- ասաց «Արմենպրես»-ի զրուցակիցն, ում խոսքով՝ հնարավոր էր, որ պլանային ցուցանիշի սպառումից հետո գործընթացը չշարունակվեր, սակայն Կառավարությունն՝ ի դեմս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, հետևողական է այս հարցում, և ֆինանսական միջոցների սղության պատճառով ծրագիրը չի դադարեցվում:
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ․ ծրագրերի շրջանակում պետության կողմից աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած քաղաքացիներին։
Առաջին ծրագրով՝ միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։
Երկրորդ ծրագրով՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար։
Երրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։
Միջոցառումներից օգտվելու համար քաղաքացին պետք է դիմի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն, բացառությամբ երրորդ ծրագրի, որի դեպքում, եթե տվյալ բանկի հետ պայմանագիր առկա չէ, անհրաժեշտ է ներկայացնել բանկից տեղեկանք և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։ Այդ դեպքում՝քաղաքացին դրանք կարող է ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ e-request.am հարթակի միջոցով։
Մանրամասները՝ փոդքասթում:
Լսեք նաև այլ թեմաներովPodcast-ները