Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը Դեյվիդ Լամիին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը Դեյվիդ Լամիին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ԵՐԵՎԱՆ,14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լոնդոնում նոյեմբերի 14-ին հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով ստվերային պետնախարար Դեյվիդ Լամիին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՄԹ երկկողմ օրակարգային հարցեր՝ երկուստեք գոհունակություն հայտնելով ռազմավարական երկխոսության մեկնարկի կապակցությամբ։ Մտքեր են փոխանակվել տարբեր բնագավառներում ՀՀ և ՄԹ միջև համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։ Արարատ Միրզոյանն արժևորել է բրիտանական կողմի շարունակական աջակցությունը Հայաստանում արդյունավետ կառավարման և ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին:

Արարատ Միրզոյանի և Դեյվիդ Լամիի ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները:

ՀՀ ԱԳ նախարարը Դեյվիդ Լամիին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը, հայկական կողմի տեսլականը և Գրանադայում ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի նախագահի մասնակցությամբ հանդիպումից հետո ընդունված հայտարարությանը միջազգային մյուս գործընկերների կողմից աջակցության արտահայտման կարևորությունը։

Տարածաշրջանում կապուղիների ապաշրջափակման համատեքստում, նաև որպես խաղաղության օրակարգի բաղկացուցիչ մաս, Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման, ուժի շարունակական կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակին, ԼՂ-ից 100 հազարից ավել բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող միջոցառումներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում