Քաղաքականություն

Հունաստանի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը դատապարտել է ԼՂ վրա Ադրբեջանի հարձակումը

2 րոպեի ընթերցում

Հունաստանի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը դատապարտել է ԼՂ վրա Ադրբեջանի հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը` «Սիրիզա-Առաջադեմ դաշինք»-ը, դատապարտում է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը, ինչպես նաև ԼՂ բնակիչներին իրենց բնօրրանից տեղահանումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է «Սիրիզա-Առաջադեմ դաշինք» կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Ֆամելոս Սոկրատիսը Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ: Կողմերը քննարկել են Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումները։

Ֆամելոս Սոկրատիսն ընդգծել է «Սիրիզա-Առաջադեմ դաշինք» կուսակցության աջակցությունը՝ Բրյուսելի կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հաստատմանը՝ դատապարտելով Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խախտելու ադրբեջանական ցանկացած փորձ։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ իրենց բնակավայրեր վերադառնալ ցանկացողների իրավունքների ու անվտանգության երաշխավորման, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի մշակութային ժառանգության հուշարձանների պահպանության անհրաժեշտությունը։

Հանդիպմանը մասնակցել են կուսակցության արտաքին հարաբերությունների համար պատասխանատու Ռենա Դուրուն, ինչպես նաև «Սիրիզա-Առաջադեմ դաշինք» կուսակցության դիվանագիտական հարցերով խորհրդական Էվանգելոս Կալպադակիսը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում