Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը ողջունել է G7-ի երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը ԼՂ-ից հայերի բռնի տեղահանության վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը ողջունել է G7-ի երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը ԼՂ-ից հայերի բռնի տեղահանության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է G7-ի երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարությունը, որով Ադրբեջանին կոչ է արվել լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները:

«Ողջունելով G7-ի հայտարարությունը՝ ընդգծում ենք, որ միջազգային վճռական քայլերը և ներգրավված բոլոր կողմերի հստակ հրապարակային պարտավորություններն առաջնային նշանակություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների բավարարման համար՝ Գրանադայի հայտարարության համաձայն: Հայաստանն ունի այդպիսի պարտավորություն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։

Տոկիոյում կայացած G7-ի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման հետևանքները:Արտգործնախարարաները նաև հրապարակել են հայտարարություն։

«Մենք լրջորեն մտահոգված ենք Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման հումանիտար հետևանքներով: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ իր պարտավորությունները և ողջունում ենք տեղահանվածների անհետաձգելի մարդասիրական կարիքները բավարարելու միջազգային ջանքերը: Մենք ընդգծում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության խթանմանը՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգանքի, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»,- ասված է հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում