Պաշտոնական

«Հայաստան» հիմնադրամը աջակցության ծրագրեր կիրականացնի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար

2 րոպեի ընթերցում

«Հայաստան» հիմնադրամը աջակցության ծրագրեր կիրականացնի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։

Ողջունելով հյուրին նախագահը կարևորել է հիմնադրամի կողմից իրականացվող բազմաբնույթ ծրագրերը, մասնավորապես համայնքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Պետրոս Թերզյանը նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել Սյունիքի և Տավուշի մարզերի գյուղական համայնքներում իրականացվող բազմոլորտ գյուղատնտեսական զարգացման ծրագրերը, որոնք վերաբերում են անասնապահության նորագույն մեթոդներով կազմակերպմանը, նոր մշակաբույսերի ներմուծմանն ու ջերմոցային տնտեսությունների զարգացմանը:

Պետրոս Թերզյանը նաև ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության, բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված նախատեսվող ծրագրերի մանրամասները, որոնք կիրականացվեն ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ:

Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը պետք է ընդհանրական բնույթ ունենան և միտված լինեն Հայաստանում գյուղատնտեսության կազմակերպման նորագույն մեթոդների ներդրմանն ու համապատասխան մասնագետների պատրաստմանը: Այս համատեքստում կարևորվել է մասնավորապես Տավուշում հիմնված գյուղատնտեսական դպրոցը, որտեղ համապատասխան գիտելիքներ և փորձառություն են ստանում դպրոցի շուրջ 40 սաներ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև համայնքներում էկոտնտեսությունների հիմնադրման և զարգացման հնարավորությունների վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում