Պաշտոնական

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է մշակույթի ոլորտի ռազմավարության նախագիծը

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է մշակույթի  ոլորտի ռազմավարության նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ռազմավարության նպատակները: Մասնավորապես, փաստաթղթի նպատակներից են՝ մշակութային և ստեղծարար ոլորտների արդիականացումն ու նորարարությունը, մշակութային հասանելիությունն ու ներառականությունը, Հայաստանի դիրքավորումը որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքներ կրող և ստեղծող երկիր: Նախագծում ներկայացված են նաև այն հիմնական թիրախները, որոնց Կառավարությունը ձգտելու է հասնել սահմանված ժամանակահատվածում:

Ռազմավարության նախագծով սահմանված առաջնահերթություններից է մշակութային ժառանգության գույքագրումն ու ինստիտուցիոնալացումը, որի շրջանակում նախատեսվում են, մասնավորապես՝ հուշարձանների վերականգնում, արգելոց թանգարանների, հուշարձանների կադաստրի ստեղծում և վարում: Ընդգծվել է նաև մշակութային և ստեղծարար ոլորտներում կառավարման մոդելների արդիականացման կարևորությունը, այդ թվում՝ թանգարաններում էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրումը:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ, դիտարկումներ և առաջարկություններ:

Վարչապետն ընդգծել է ոլորտի արդյունավետ կառավարման ու զարգացման կարևորությունը և նշել, որ այն ՀՀ կառավարության թիրախային ուղղություններից է: Ամփոփելով խորհրդակցությունը՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացված առաջարկությունները և ոլորտում առկա հարցերի լուծման վերաբերյալ դիտարկումները ներառել ռազմավարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում