Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Սրճարան աշխարհի եզրին» գիրքն ՝ առաջատար. փաստավավերագրական, սեպտեմբեր, 2023

11 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Սրճարան աշխարհի եզրին» գիրքն ՝ առաջատար. փաստավավերագրական, սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքների։

Առաջին տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքն օգնում է յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին եկող տարին որպես նոր մարդ դիմավորելու համար:

Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքը երկրորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:

Երրորդ տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի, իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտնի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:

Չորրորդ տեղում է Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը։ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր՝ հարուստ հայրիկի պատմությունը, այն մասին, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իր գաղափարներն ու ընկալումները։ Գիրքը հօդս է ցնդեցնում այն առասպելը, թե հարուստ լինելու համար պետք է ունենալ բարձր եկամուտ, և բացատրում է փողի համար աշխատելու և փողը քեզ համար աշխատեցնելու տարբերությունը։

Ա. Նալչաջյանի «Հայ ազգի ծագումը» հինգերորդ տեղում է։ Հասկանալու համար՝ ով ես և դեպի ուր ես գնում, շատ կարևոր է հասկանալ, թե որտեղից ես գալիս. «Հայ ազգի ծագումը» աշխատությունը նվիրված է հայ ազգի հոգեբանական պատմության՝ նրա ծագման և որպես էթնիկական հանրույթ, և որպես ազգ ձևավորվելու մի շարք սկզբունքային խնդիրների ուսումնասիրությանը: Հատուկ ուշադրություն է նվիրվել հայերի էթնոգենեզի սկզբնական փուլին, Հայկական լեռնաշխարհի՝ որպես իր էթնոգենետիկ հայրենիքի նկատմամբ անժխտելի առաջնային իրավունքի խնդրին: Ուսումնասիրվում են նաև այլ էթնոսների հետ հայերի առնչությունները և հայոց ազգային բնավորության որոշ խնդիրներ: Հայերի ծագման, որպես ազգ ձևավորվելու մասին առաջադրվող տեսակետն ամբողջությամբ մերժում է հայերի եկվորության մասին մտացածին և էթնոքաղաքական տեսակետից վտանգավոր, միանգամայն անընդունելի հակագիտական վարկածը:

Ռոբին Շարմայի «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» վեցերորդ տեղում է։ «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» մոտիվացիոն աշխատություն է: Այստեղ Շարման փորձում է ընթերցողին սովորեցնել առավոտյան վաղ արթնանալու խորհուրդը: Շարման իր հերոսների օրինակով ընթերցողին օգնում է դառնալ հաջողակ, երջանիկ, ինչու չէ, նաև սիրված: Հերոսների հետաքրքիր և արկածներով լի շրջագայությունները տարբեր երկրներով էլ ավելի ու խորհրդավոր են դարձնում գիրքը:

Յոթերորդ հորիզոնականում է Դեյլ Քառնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գիրքը, որը գործնական խորհուրդների և կյանքից վերցրած պատմությունների հավաքածու է։ Քառնեգին օգտվել է հաջողակ հռչակավոր մարդկանց ասույթներից և որպես օրինակ ներկայացրել իր աշակերտների, ընկերների, ծանոթների փորձը։ Գրքի նպատակն է կատարելագործել մարդկանց հոգեբանությունը և, ինչպես հեղինակն է ասում, օգնել մարդկանց լույս աշխարհ հանել, զարգացնել և առավելագույնս օգտվել մտավոր ու ֆիզիկական այն բոլոր կարողություններից, որոնց միայն չնչին մասն ենք օգտագործում:

Ռոնդա Բեռնի «Գաղտնիքը» ութերորդ տեղում է։ ««Գաղտնիքը» ստեղծելիս ցանկանում էի և այժմ էլ ցանկանում եմ, որ այն ուրախություն պարգևի աշխարհի միլիարդավոր մարդկանց... Չկա մի բան, որ չկարողանանք անել այս գիտելիքով: Էական չէ՝ ով եք դուք կամ որտեղ եք գտնվում, Գաղտնիքը կարող է ձեզ տալ այն ամենը, ինչ ցանկանում եք»: Ահա այսպիսի խոսքեր է գրում Ռոնդա Բեռնը իր «Գաղտնիքը» գրքի նախաբանում: Գիրքը կարդալիս և Գաղտնիքը բացահայտելիս դուք կպարզեք, թե ինչպես կարող եք ունենալ, լինել և անել այն ամենը, ինչ ցանկանում եք: Դուք կհասկանաք, թե ով եք իրականում, կգիտակցեք ձեր իրական վեհությունը: Գաղտնիքը շատերի համար է դարձել ոգեշնչման աղբյուր, օգնել վերականգնել ներքին ներդաշնակությունը, հասնել բազմաթիվ հաջողությունների...Գաղտնիքի հետքերը պատմության խորքերում փնտրելիս հեղինակը պարզել է, որ մեծագույն մարդիկ՝ Պլատոնը, Շեքսպիրը, Նյուտոնը, Հյուգոն, Բեթհովենը, Լինքոլնը, Էդիսոնը, Էյնշտեյնը, նրանք բոլորն էլ իմացել են դա...

Իններորդ տեղում է Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը»: Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում Նժդեհը դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության: Նա անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի պատերազմներից՝ Նժդեհը խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նա գերակա է համարում մեր ժողովրդի հավաքական պայքարը, որովհետև այդպես «ավելի ուժեղ ենք, քան ժամանակավոր դժբախտությունը»:

Արփի Վանյանի «Ինչպես դաստիարակել հաջողակ ու երջանիկ երեխա» գիրքը տասներորդ տեղում է։ Մենք բոլորս զոհեր ենք. մենք՝ մեր ծնողների,մեր ծնողներն՝ իրենց ծնողների, մեր երեխաներն էլ, ցավոք, մեր… Այո՜, հենց մենք ենք այդ մարդիկ, ովքեր կարող են իրենց երեխայի մեջքին թևեր նկարել կամ աճած թևերը կտրել… Մենք մի ամբողջ կյանք ապրում ենք սխալ համոզմունքներով, որոնք «ներարկել են» մեզ մեր ծնողները, հարազատները, շրջապատի մարդիկ, հասարակությունը։ Համոզմունքներ, որոնք ամեն օր ավելի ու ավելի են թունավորում մեր կյանքը՝ չթողնելով, որ ապրենք լիարժեք ու երջանիկ։ Իսկ ոչ երջանիկ մարդը չի կարող երջանիկ երեխա դաստիարակել։ Ոչ լիարժեք, ցածր ինքնագնահատականով, իրեն չսիրող մարդը նույնպիսի երեխա է մեծացնում։ Այս գրքում այնպիսի գաղտնիքներ են, օրենքներ, կանոններ, հուշումներ, խորհուրդներ ու գիտական փորձերի ապացույցներ, որոնք կօգնեն ծնողներին ա) դառնալ հաջողակ ու երջանիկ, բ) հաջողակ ու երջանիկ մարդ մեծացնել իրենց երեխային։ Սա ամենակարևոր գիրքն է ծնողների համար։

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +4

Ջոն Ստրելեքի, «Սրճարան աշխարհի եզրին»

Դավինչի 207
2 +6

Ջեյմս Քլիըր, «Ատոմային սովորություններ»

Էդիթ Պրինտ 46
3 +6

Ջո Նավարո, «Ես կարդում եմ Ձեր մտքերը»

Դավինչի 45
4 0

Ռոբերտ Կիյոսակի, «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»

Անտարես 38
5 *

Ա․ Նալչաջյան, «Հայ ազգի ծագումը»

հեղ․հրատ 30
6 -3

Ռոբին Շարմա, «Առավոտյան ժամը 5-ի ակումբը»

Բուկինիստ 28
7 *

Դեյլ Քառնեգի, «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա»

հեղ․հրատ 26
8 -6

Ռոնդա Բեռն, «Գաղտնիքը»

Բուկինիստ 26
9 *

Գարեգին Նժդեհ, «Չխրատվող ժողովուրդը»

Վերնատուն 26
10 *

Արփի Վանյան, «Ինչպես դաստիարակել հաջողակ ու երջանիկ երեխա»

հեղ․հրատ

24

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Ցանկում ներառված չեն հանրագիտարանները

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում