Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-41/23. Սարամագու, Մեջինյան, Մանուկյան

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-41/23.  Սարամագու, Մեջինյան, Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն

Ժոզե Սարամագու, «Մահվան ընդհատումները»

395992419_7623106491051410_1973590546834854993_n.gif (67 KB)

Մահն ինչ-որ մի թվականի հունվարի մեկից ինչ-որ մի երկրում անսպասելիորեն դադարեցնում է իր գործունեությունը: Սկզբում ժողովուրդը ցնծում է, որ ընտրվել է՝ «անմահության» դրոշը կրելու: Շուտով ցնծացողների կողքին հայտնվում են միևնույն պատճառով ողբացողները՝ թաղման բյուրոները, հիվանդանոցները, ծերանոցները, եկեղեցին, ապահովագրական ընկերությունները: Ծնունդների և մահերի շրջապտույտի խախտման պատճառով երկիրը կանգնում է իսկական քաոսի առջև: Իրավիճակից սկսում է օգուտ քաղել հանցավոր կազմակերպությունը՝ մաֆիան, որ ընտանիքներին «օգնում է» ազատվել իրենց անմահ ծերերից: Յոթ ամիս անց մահը վերականգնում է իր գործունեությունը՝ սկսելով մանուշակագույն նամակներով մարդկանց գուժել մահվան լուրը: Սկսում է տալ մեկ շաբաթ ժամկետ, որպեսզի մարդիկ կարողանան ավարտին հասցնել իրենց կիսատ թողած գործերը, սակայն մահվան այս նախաձեռնությունը նույնպես հանգեցնում է ողբալի հետևանքների: Վերջապես մարդկային մարմին առնելով՝ մահն անձամբ է դուրս գալիս քաղաք...

Թարգմանությունը Լուսինե Բրուտյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

Մանկապատանեկան գրականություն

Էդգար Մեջինյան, «Գլոբրի»

396325618_341908481721310_5611998231449841854_n.jpg (213 KB)

Էդգար Մեջինյանի «Գլոբրի» հեքիաթը օրինակելի և կախարդական պատմություն է դպրոցական կյանքի մասին՝ անսպասելի ավարտով, որի էությունը ինքնավստահությունն է։ «Գլոբրի» — հեքիաթը հեղինակի առաջին գիրքն է։ Գիրքը նվիրվում է ժամանակակից ուսուցչի լավագույն կերպարին՝ Մարիանա Նաիկյանին։ Նկարազարդումները՝ Ինեսա Սնգրյանի։ Հեղ․ հրատարակություն։

Փաստավավերագրական գրականություն

Հրաչյա Մանուկյան, «Երբ Հասուն դարձա»

395715096_226722233760795_238074900913543169_n.jpg (202 KB)

Մենք չենք ապրում նույն աշխարհում: Մեզնից յուրաքանչյուրն ապրում է այն աշխարհում, որը ձևավորում է իր գիտակցությունը: Մեկի համար աշխարհը նեղ է, մյուսի համար՝ ընդարձակ: Մեկի համար այն հիասքանչ է, մյուսի համար՝ անտանելի։ Մեկի համար ամեն օրը մի նոր՝ կյանք է, մյուսի կյանքն անցնում է մեկ օրվա պես: Մեկն ուզում է փոխել աշխարհը, մյուսն էլ փոխում է իր գիտակցությունը։ Այս գիրքն ինքնաճանաչման մասին է: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է երկար և իմաստալից կյանք ունենալու համար, հեղինակը փնտրում է ոչ թե արտաքին աշխարհում, այլ սեփական ներաշխարհում: Հեղ․ հրատարակություն։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում