Ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի «Ռոզալի» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի «Ռոզալի» կինոնկարն արհեստական բանականության և սիրո մասին է, այն մասին, թե ինչպես կարող է սերն ազդել ռոբոտի «մարդկայնացման» վրա: Արհեստական բանականությունը ներխուժել է մեր կյանք, ռոբոտները տարբեր բնագավառներում փոխարինում են մարդկանց, իսկ«Ռոզալի» ֆիլմը ցույց է տալիս, որ անգամ ռոբոտը սիրահարվելով՝ դառնում է մարդ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմը, որի գլխավոր դերակատարները Տարոն Իսպիրյանն (Պոնչ) ու Նաստասյա Գոլովկոն են, արդեն երևանյան կինոթատրոններում է:


Կինոնկարում ներկայացվում է, թե ինչպեսեն գաղտնի լաբորատորիաներից մեկում գիտնականները ստեղծում յուրօրինակ կին-ռոբոտ: «Մենք ընտրել ենք թեմա, որն արդիական է և այս փուլում հետաքրքրում է շատերին. ներկայացնելու ենք կին- ռոբոտի, որն աչքի է ընկնում ոչ միայն հզոր արհեստական բանականությամբ. նրանում սինթետիկ հորմոններ են, որոնց շնորհիվ կարողանում է մտածել ու զգալ, ինչպես իրական մարդը: Սա աննախադեպ ձեռքբերում է նանոտեխնոլոգիաների ոլորտում, բայց, որպեսզի Ռոզալին մարդ դառնա, պիտի ունենա մարդուն բնորոշ բոլոր զգացմունքները՝ սեր, խանդ, կիրք, երջանկություն, ատելություն, կարոտի զգացում և այլն: Այդ ամենը ներկայացվում է հումորային ոճով և մատուցմամբ, իսկ դերասանները կարողանում են հնարավորինս ճիշտ մատուցել այդ ամենը»,-նշում է ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանը:

«Ռոզալի»-ն ֆիլմի բեմադրող ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի խոսքով՝ ֆիլմ ստեղծելիս միշտ մտածում են մի բան ստանալ: «Ֆիլմի հիմնական սպառողները երիտասարդներն են, որոնց հետաքրքրում է այս թեման, բայց կարծում ենք, որ սիրո և ազնիվ արժեքների թեման արդիական է ցանկացած սերնդի համար: Կինոնկարն ունի կարևոր գաղափար՝ «դարձեք մարդ»,-ասում է ռեժիսորը:
Բաբախանյանը նաև ֆիլմի սցենարի համահեղինակներից մեկն է. մյուս հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը, Ռուբեն Ջաղինյանը: Ջաղինյանը նաև գլխավոր պրոդյուսերն է:





