Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Վարչապետը ողջունել է պարոն Սիյարտոյի այցը Երևան և կարևորել հայ-հունգարական երկխոսության շարունակականությունն ու դրա հետևողական զարգացումը տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսության, կրթության, մշակույթի, ավիահաղորդակցության և այլ բնագավառներում փոխգործակցության խթանմանը միտված քայլերը:

Պետեր Սիյարտոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել երկկողմ հարաբերություններում արձանագրվող դրական դինամիկան, Հայաստանի և Հունգարիայի միջև բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը: Պետեր Սիյարտոն հավելել է, որ Հունգարիայի կառավարությունը մտադիր է Երևանում բացել հյուպատոսություն, ինչը ևս կնպաստի հայ-հունգարական կապերի ընդլայնմանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, ՀՀ կառավարության կողմից առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում