ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեռ Լեյենի անունից տրված՝ «Գլոբալ դարպասներ» ֆորումին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների պատվին աշխատանքային ընթրիքին, որին ներկա են եղել համաժողովի մասնակից երկրների ներկայացուցիչները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։
Զրույցի ընթացքում ՀՀ նախագահը ներկայացրել է Հայաստանի իշխանությունների կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը և այդ ճանապարհին առկա դժվարությունները։ Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնագաղթը լրջագույն վնաս է հասցրել միջազգային հանրության միջնորդական առաքելությանն ու հնարավորություններին և հարկավոր են առավել եռանդուն գործողություններ խաղաղության օրակարգը փրկելու համար։
«Աշխարհում ռազմական ծախսերը մի քանի անգամ գերազանցում են կրթության և սոցիալական ծախսերը, ինչն արգելակում է զարգացումը և աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայումը։ Այս առումով ժողովրդավարական երկրները պարտավորություն ունեն միավորել ջանքերը հանուն խաղաղության և կայուն զարգացման»,- շեշտել է Հանրապետության նախագահը։