Հասարակական

ԼՂ-ից տեղահանված ընտանիքները 100 մլն դրամի աջակցություն կստանան. Ամերիաբանկի «Հոգատարությունը ջերմացնում է» ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ԼՂ-ից տեղահանված ընտանիքները 100 մլն դրամի աջակցություն կստանան. Ամերիաբանկի «Հոգատարությունը ջերմացնում է» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիաբանկն Արցախից տեղահանված և Շիրակի մարզի վեց համայնքներում ապաստանած ընտանիքներին կտրամադրի 100 միլիոն դրամի աջակցություն, որը կուղղվի նրանց առաջնային կարիքների բավարարմանը: Բանկը ստեղծել է աշխատանքային խումբ, որի անդամները կայցելեն Շիրակ` ծանոթանալու և տեղում գնահատելու մարզի Անի, Ախուրյան, Գյումրի, Աշոցք, Ամասիա և Արթիկ համայնքներում ապաստանած արցախցի հայրենակիցների կարիքները:

«Որպեսզի մեր աջակցությունը կրի համակարգված և հասցեական բնույթ, մենք առանձնացրել ենք այն ընտանիքները, որոնք այս պահին հատկապես ունեն մեր աջակցության և հոգատարության կարիքը»,- ասված է բանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրված հայտարարության տեքստում: Դրանք են` միակողմանի / երկկողմանի ծնողազուրկ երեխաներ ունեցող ու 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները:

Բացի այդ, Ամերիաբանկը հայտարարել է «Ամերիա Սերունդ․ Արցախ» հատուկ ուսումնական ծրագրի մեկնարկի մասին, որը նախատեսված է 18-35 տարեկան արցախցիների համար։ Ծրագրի մասնակիցները կստանան 1,5 ամիս մասնագիտական ինտենսիվ ուսուցում Երևանում և ամսական 200,000 ՀՀ դրամ (ներառյալ եկամտային հարկը և պարտադիր այլ վճարները) աշխատավարձ ուսուցման ընթացքում:

Կրթական ծրագրի անհրաժեշտ փուլերը հաջողությամբ անցնելուց հետո մասնակիցները կստանան հավաստագիր ծրագրին մասնակցության վերաբերյալ, ինչպես նաև` հնարավորություն շարունակելու մասնագիտական ուղին, աշխատելու ոլորտի պրոֆեսիոնալների հետ և հաջողելու պարագայում դառնալու Ամերիա ընտանիքի մի մասը կամ աշխատելու այլ կազմակերպություններում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում