Տնտեսություն

Քաղաքաշինության կոմիտեն և ԱԶԲ-ն քննարկել են սոցիալական բնակարանաշինության ծրագրերի իրագործման գաղափարներ

2 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեն և ԱԶԲ-ն քննարկել են սոցիալական բնակարանաշինության ծրագրերի իրագործման գաղափարներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ Ջրային և քաղաքաշինության ոլորտային խմբի տնօրեն Ջինգմին Հուանգի գլխավորությամբ: Նախանշվել են համագործակցության խորացման նոր ուղղություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, գերատեսչության նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի և կոմիտեի միջև ձևավորված գործակցությունը՝ ընդգծելով համատեղ ծրագրերի իրականացման արդյունավետությունը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են մատչելի և սոցիալական բնակարանաշինության ծրագրերի իրագործման գաղափարներ՝ շեշտադրելով մասնավոր հատվածի ներգրավման կարևորությունը:

ԱԶԲ ներկայացուցիչները հայտնել են Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը շարունակելու մտադրության մասին: Շարունակվելու են երկրաշարժադիմացկուն շինարարության բնագավառում քաղաքաշինության ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները, որոնց շրջանակում նախատեսվում է երկրաշարժադիմացկուն կառույցների նախագծման ձեռնարկի մշակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ԱԶԲ գործընկերները ներկայացրել են նաև սեյսմակայունության բարելավմանը և հանրային ենթակառուցվածքների կառավարման ֆինանսավորմանը վերաբերող ռազմավարություն մշակելու համար նախանշված քայլերը:

Նշվում է, որ, շնորհակալություն հայտնելով ոլորտային կարևոր նախաձեռնությունների համար, Դավիթ Գրիգորյանն ընդգծել է Քաղաքաշինության կոմիտեի պատրաստակամությունը՝ աջակցելու ԱԶԲ գործընկերներին նոր ծրագրերն իրագործելիս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում