Հայկական Կարմիր խաչը և «Գալաքսի» ընկերությունների խումբը կհամատեղեն ջանքերը հանուն ԼՂ հայրենակիցների. 100 տոննա հումանիտար օգնություն՝ ընտանիքներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միասնական և հոգատար. Հայաստանի խոշոր ձեռնարկություններից «Գալաքսի» ընկերությունների խումբը Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համատեղ նախաձեռնում է կորպորատիվ ոլորտի համայնքային մարդասիրական նախաձեռնություն՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների աջակցությանը: Այս մասով հոկտեմբերի 11-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գլխավոր գրասենյակում Հայկական Կարմիր խաչի ընկերության և «Գալաքսի» ընկերությունների խմբի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր:

Հուշագիրը ստորագրել են Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը և «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը` հավատով, որ հոգատարությունն ու պատասխանատվությունը կենսական են մեր հայրենակիցների համար:

«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները որոշակի չափով մեղմելու հարցում բոլորս միասնական ենք և պատրաստակամ: Այս իմաստով մեծապես կարևորում եմ մեր համագործակցությունը Հայկական Կարմիր խաչի հետ, որն այս օրերին իրականացրել է տիտանական աշխատանք: «Գալաքսի» ընկերությունների խումբը` խմբի կազմում հանդես եկող ընկերությունների և նրանց աշխատակիցների հետ համատեղ ուժերով, նույնպես միանում է իրականացվող մարդասիրական աշխատանքին: Սա ոչ թե ընկերությունների, այլ իր ընկերություններով հանդերձ «Գալաքսի» համայնքի աջակցությունն է՝ գաղափարական, ապա նաև մարդասիրական»,-ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:

Նախաձեռնության շրջանակում Լեռնային Ղարաբաղից տեղահանված 5,000 ընտանիքներ կստանան 100 տոննա պարենային ապրանքներ` պարենային փաթեթների տեսքով ամենօրյա կարիքների և ձմռանը դիմակայելու համար: Փաթեթները կկազմվեն լավագույն ապրանքների, արժանավայել փաթեթավորման և ներկայացման սկզբունքով, որի համար Հայկական Կարմիր խաչին կմիանա նաև խմբի անդամ ընկերություններից շուրջ 300 կամավոր աշխատակից:

Նախաձեռնությունն իրականացվում է «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող «Այ Յու Նեթվորքս», «Խրոնոգրաֆ», «Գեյթ2», «Մեգաֆուդ», «Փոլ Հայաստան», «Սանտաֆե», «Տերյան5», «Թայմ», «Յուքոմ», «Երևան մոլ» ընկերությունների հետ միասին՝ հիմնադիրների զգալի ֆինանսական աջակցությամբ: Նախաձեռնության կազմակերպչական աշխատանքները իրականացվելու են խմբի «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» ընկերության կողմից, իսկ շահառուների ընտրության և փաթեթների բաշխման ողջ ընթացակարգը կազմակերպվելու է Հայկական Կարմիր խաչի կողմից:

«Մենք ողջունում ենք և բարձր ենք գնահատում կորպորատիվ հատվածի կողմից սոցիալական պատասխանատվություն դրսևորելու քայլերը՝ ուղղված խոցելի խմբերի մարդասիրական հոգսերի հնարավորինս թեթևացմանը։ Վստահ եմ, որ նման օրինակելի՝ համապարփակ, բազմակողմանի և շարունակական համագործակցությունը մարդասիրական կազմակերպության և բիզնես ընկերությունների խմբի միջև, մարդասիրական աջակցության տրամադրման և համայնքների դիմակայունության բարձրացման արդյունավետ ձևաչափ է»,- նշել է Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը:

Համագործակցության մեկնարկն ու ձմռան պատրաստությունները սկսել են արդեն, իսկ բաշխումն ըստ մարզերի կմեկնարկի հոկտեմբերի կեսերից: Կողմերը թափանցիկության և հաշվետվողականության պարբերական զեկույցներ կներկայացնեն հանրությանը:

Հայերեն English Русский

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ